Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/179

Այս էջը սրբագրված է

ըլլալ ու երջանիկ ընել ընտանեկան օճախը։ Եթե դուք կրցաք ձեր հոր ըրածեն բան մը ավելի ընել, պարզ քարե շենքեն վերջ՝ մարմարե շենքը բարձրացնել, ձեր արենակիցները քիչ մը ավելի նյութական ու բարոյական վիճակի մը մեջ փոխադրել, դուք այդ պարագային վստահ կրնաք ըլլալ, թե այդ դուռեն հաջողապես ներս մտած եք և թե ձեր առած Ուսումը ընտանեկան հարկին մեծ ու լուսասփյուռ ձեղնաջահը եղած է արժանավոր կերպով. և թե վերջապես հաջողությամբ գործածած եք այն առաջին ոսկեղեն բանալին՝ զոր հանուն Երջանկության տրվեցավ ձեզի։

Երկրորդ դուռը մռայլ ու ծխապատ, փոշիով ու սոսկումով ծեփված պղնձե դուռն է, որ կը բացվի կյանքին կրկեսին վրա, ուր ձեր նմաններն օրն ի բուն կը գոտեմարտին․ հացին հավիտենական կռիվը կը մղեն։ Հոն դուք պիտի չգտնեք գորովը ձեր ծնողքին, ներողամիտ նայվածքները ձեր դաստիարակներուն գութի քաղցր խոսքեր, սիրո մրմունջներ։ Հոն նենգն ու մռունչը գոյություն ունին, պիտի քարընդոնեն ու մղեն ձեզ դեպի կորուստի անդունդը, ձեր անկումին վրա հաստատելու համար հետո իրենց հաղթությունն ու շահի ոսկեղեն հորթը։ Դուք քաջասիրտ ու ինքնավստահ պետք է մտնեք այդ խառնուրդին մեջ։ Այդ պայքարեն հաղթական ելլելու համար մի փնտրեք ուրիշ զենքեր, ուրիշ զրահներ, որոնք որքա՞ն անպատիվ այնքան ալ անվստահելի են սովորաբար։ Ձեր զենքը ձեր առած գիտությունն Է, որուն վրա կրնաք վստահիլ և հաջողապես և պատվավորապես մղել ձեր պայքարը։ Այդ զենքը պարտավոր եք դեռ կատարելագործել կյանքին մեջ, օրվան պահանջներուն, միջավայրի պետքերուն ու փորձառության դասերուն պատշաճեցնելով։ Վերջապես կյանքի հրեղեն հնոցին մեջ ջրդեղել պետք է ա՞յն, զոր Ուսումնարանը տվավ ձեզի և որուն վրա դուք կրնաք ապահով կռթնիլ և ուղղել մեկ կողմեն ձեր հարվածը լարին ու վնասակարին դեմ, և մյուս կողմանե՝ ձեր եղբայրական ձեռքը դեպի բարին ու շինարարը։ Այն ատեն, սիրելի պարոններ, դուք հաջողապես գործածած պիտի ըլլաք նաև այն երկրորդ ոսկեղեն բանալին, զոր հանուն Հաջողության տրվեցավ ձեզի։