Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/183

Այս էջը սրբագրված է

Ալիշանի Ոգիին մեջ է այն ներուժ Կյանքը, որ սքեմը գլխուն քաշած, աղոթքի մրմունջը շրթունքներուն՝ թափառեցավ տարիներով Ավարայրի դաշտեն՝ մինչև Արարատի քղանցքները, Սիսվանեն Շիրակ, անընդհատ խառնելով նախնյաց աճյունները, անոնց մտքին մոխրաթաղ կայծերը։ Ժողվեց, սրտի՜ն վրա հավաքեց մագաղաթներն, հիշատակարաններն ու արձանագրությունները։ Աչքերուն բոլոր լույսն ու երիտասարդ կյանքին ծաղիկները թափթփեց անոնց վրա՝ մինչև որ մեջտեղ բերավ հին փառահեղ կյանքի մը, ազգի մը անցյալ փառքը։ Ու ամեն մեկ հիշատակարանի, ամեն մեկ ավանդության հավատացան սուրբի մը հավատքով, փոխանակ գիտունի մը սկեպտականությամբ․ բավական էր, որ բոլոր այդ բաները ըլլային գեղեցիկ ու բռնկցնեին հրդեհը հայրենասիրության։ Ան բանաստեղծ էր, որ գիտություն կըներ, ոչ թե միայն ճշմարտություն մը քողազերծելու միակ մտահոգությամբ, այլ նաև ազգ մը երևան բերելու համար լույս աշխարհքին։ Եվ միթե այս չէ՞ր ամբողջ ս. Ղազարի միաբանության նկարագիրն ու խառնվածքը՝ բոլորովին տարբեր իր մյուս Քրոջմեն՝ Վիեննական միաբանութենեն, որ իր բոլոր պրպտումներուն և քննություններուն մեջ՝ ապաստանեցավ միմիայն իր գիտունի ակնոցներուն, առանց առաջնորդվելու հայրենասիրության հրդեհեն ու դիմելու ուղղակի ժողովուրդին սրտին ու հասկացողության։

Ալիշան բանաստեղծ էր, որ գիտությո՜ւն կըներ։ Այս կը նշանակե, թե գիտությունը կը ժողովրդականացներ։ Իր թանգարանին, իր մագաղաթներու մատենադարանին և առհասարակ հայրենի բոլոր ավերակներուն մենությանը վերև կախված էր իր հսկայական տավիղը՝ և ահա Խորենացիին խոսքը երգի կը փոխվեր, Եղիշեի աղաղակը՝ դյուցազներգության, եղնիկի մտածումը՝ երևակայության, Շնորհալիի աղոթքը՝ օրհներգության, ավերակներու տրտմությունը՝ արցունքի և անցյալ նշույլը՝ հրդեհի։

Այս տեսակ հրդեհով լուսավորված է մեր իննսունական թվականներու ողբերգությունը և դյուցազնությունը։

Եվ ահա մյուս Ոգին՝ Մկրտիչ Պեշիկթաշլյան, Մուրատ Ռափայելյան սաներու ներշնչումին ու ձկտումներուն մյուս