Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/186

Այս էջը սրբագրված է

Դարձյալ այդ տեսակ լույսով ջահավառված է մեր 90-ական թվականներու գործիչներուն սիրտը։

Ալիշա՜ն, Պեշիկթաշլյա՜ն, երկու մեծ Համադրություններ Մխիթարյան Առաքելության, մին կղերական Միաբանության, մյուսը աշխարհական Միության մեջ։

Զո՜ւյգ խորհրդանիշեր՝ համազո՛ւյգ ուղղություններու։

Մեկուն Ոգին, արծիվի թևերով Ս. Ղազարեն, մյուսին Ոգին աղավնիի թռիչներով Միջագյուղեն ճամբա ելան դեպի մայրենի երկիրը, հոն մարտիրոսված ժողովուրդի մը ալեկոծ օվկիանին վրա զիրար գտան, ճանչգան ու համբուրվեցան։ Մերթ թառած հայրենի կտուրի մը վրա, ավերակներու լուռ հպարտությունը սորվեցուցին մեզի, կամ թևամփոփ Մասիսի կատարին, հսկայական լերան միարմատ, համաձույլ, սլացիկ և միավոր Ամբողջականությունը երգեցին մեզի։

Իրենց այդ երգն էր հայուն փրկությունը։

Դեռ այսօր — և ընդմի՜շտ — ճառագայթ մը կա, որ երկուքին գերեզմանները, մեկ մեկե օրերով հեռու, իրարու հետ կը զոդե, դեռ շունչ մը կա, որ միակ թափահարումով երկուքին աճյունները կը սրսփացնե. դեռ աղաղակ մը կա, որ անոնց ոսկրոտիքեն կը բարձրանա և կը ծեծե մեր քնաթաթախ հոգիները։ Մենք շատ բան ունինք սորվելու այդ գերեզմաններեն, մենք՝ Մուրատ-Ռափայելյան սաներ, և դուք՝ Ս․ Ղազարի Միաբանություն։

Իրենց Առաքելությունը ուխտվածնե՜ր կուզե մեզմե․․․