Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/191

Այս էջը սրբագրված է

Պատ. — Ընթերցման օգուտը կախում ունի ընթեռնելու, եղանակեն։

Առանց նոթագրության կարդալը կարդալ չէ, քանի մը ամիսեն մարդ չի գիտնար, թե ինչ կը պարունակե այս կամ այն գիրքը։

Ճշմարիտ հիշողությունը կը կայանա ո՜չ թե մտաբերելուն մեզ, այլ պետք եղածը գտնելու միջոցներուն մեզ, այս ալ նոթագրելով կըլլա միայն, ոչ թե երկար էջեր ընդօրինակելով ինչպես կընեն կարգ մը միջակ միտքեր։

Հարց. — Ինչպե՞ս պետք է նոթագրել։

Պատ. — Թուղթի երկար կտորներու վրա նշանակեցեք հեղինակներուն անունները այբբենական կարգով, որոնց տակ պիտի ավելցնեք ծանոթությունները։

Այս թուղթի կտորները երեք նյութ պիտի պարունակեն.

1. Հմտական նոթեր.

2․ Ցայտուն պարբերություններ․

3․ Անձնական դատողություններ։

Հմտական նոթերը կարևոր են, որպեսզի կարենանք հիշել, հետո մեր կարդացածին պարունակությունը և առանցքը։

Կարևոր են նաև ցայտուն պարբերությունները, ինքնուրույն ըսվածքները, աչքի զարնող տողերը՝ իբրև արվեստական մասը ոճին։

Հետո անհրաժեշտ են նաև ձեր անձնական դատողությունները, զոր կունենաք ընթերցման ատեն կամ անկե անմիջապես վերջը։ Եթե զանոնք նույնհետայն չգրեք, անշուշտ այլևս մեծ մասամբ կը մոռնաք։

Մի կարծեք որ երկ մը ճանչնալու համար կը բավե մատենագրություն կամ գրախոսական կարդալ, ոչ մեկ գրական քննադատություն ընթերցման տեղը կը լրացնե, վասնզի գրվածքի մը դարձվածքները, ոճին կառուցվածքն ու ձևերն են, որ ճիշդ և օգտակար գաղափար մը կրնան տալ ձեզի անոր մասին։ Քննադատը չի կրնար ցույց տալ զանոնք պետք եղածին պես։

Հարց. — Նոթագրելեն զատ գրվածք մը լավ յուրացնելու ուրիշ միջոցներ կա՞ն։