Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/194

Այս էջը սրբագրված է

Անհուսությո՜ւն, գերեզմանի
Այդ սև կաթը շատ ըմպեցինք

(Պ. Դուրյան)


Ուրեմն ոճ կա որ տափակ, տժգույն, թույլ և անհոգի է գեշ գրողներուն գրչին տակ, իսկ լավերուն քով ան միշտ սեղմ, ջղուտ և ցայտուն է։ Ոճը գրողին անձին հետ այնքան կապ ունի՝ որ իրավացի կերպով ըսված է․ — «Ոճը մարդն է»։

Այս ոչ թե ճիշտ է միայն անհատներուն համար, այլ ճիշտ է ժողովուրդներուն համար ալ։

Արևելյան ժողովուրդները միշտ ճոռոմ և խիստ պատկերոտ ոճ ունեցեր են։ Աթենացիներր իբրև նրբամիտ և կիրթ ժողովուրդ՝ ճիշտ, վճիտ ու մաքուր ոճ մը կազմեր են։ Ասիացիները, սեթևեթի և ազնվականության սիրահար՝ ունեցած են ոճ մը պերճական ու ճապաղ (Պլեռ)։ Այսօր ա՛լ նույն տարբերությունները գոյություն ունին ընդմեջ ֆրանսացիին, գերմանացիին, իտալացիին, հայուն ու ռուսին։

Հարց. — Լավ ոճով գրելու համար հա՞րկ Է շատ բան գիտնալ։

Պատ. — Շատ բան գիտնալով լավ գրել չի սովրվիր․ ոճը հմտության հետ կապ չունի։ Շատ գիտուններ կան, որ երբեք գրագետ պիտի չկրնան ըլլալ, և կան փայլուն գրողներ, որ մեծ բան մը չեն գիտեր։

Հարց. — Ի՞նչ Է խորքի և ձևի խնդիրը։

Պատ. — Ոմանք գրական կտոր մը իր էության մեջ երկու մասի կը բաժնեն... խորք և ձև: Ըստ իրենց խորքը նյութը, ատաղձները և մտածումներն են, իսկ ձևը արտահայտությունը, զգեստավորումը, գույնն է։

Ուրիշներ կիսեն. խորք թե ձև միևնույն բանը կը կազմեն․ ասոնք իրարմե չեն բաժնվիր, ինչպես մկանունքը՝ միսեն։ Կարելի չէ արտահայտել գաղափար մը, որ չունենա, ինչպես կարելի չէ երևակայել մարդկային արարած մը, որ չունենա մարմին և հոգի։ Երբ ձեր փոխենք՝ կը փոխվի նաև գաղափարը, և փոխադարձաբար։ Ձևը անխախտ կերպով փակած է գաղափարին։ Մենք այս վերջի կարծիքեն ենք։