Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/200

Այս էջը սրբագրված է

Աչքերուն կապույտը, մորթին մի՜շտ
թափանցկությունը
Վարդամատն արշալույս մաշած դասական
Անսահման ուրախությունը կամ սահմանել, կամ ադ մասին չխոսիլ
Վշտերու հովիտ․ արտասուքի
հովիտ աշխարհ
Փառաց գագաթնակետը

Հարց. — Կարելի՞ չէ երբեմն գործածել այս բացատրությունները։

Պատ. — Երբեմն անհրաժեշտ կը դառնա ասոնց գործածությունը, բայց տաղանդավոր գրողները միայն կրնան զանոնք հաճելի ընել տարբեր բացատրության մը կամ ուրիշ բառի մը միջոցավ նորոգելով:

Օրինակ.

Որոնց արյան և արաասվաց հեղեղներ

Սընուցանին նոցա գըլխուն դափնիներ «Արյունի, արցունքի հեղեղը» մաշած ու ճոռոմ բացատրություն մը եղած է․ բայց երբ կըսեմ, թե ան կը սնուցանե դափնիներ՝ այդ բացատրության իմաստը բարձրացուցած կըլլամ, ու հետևաբար՝ գեղեցկորեն նորոգած։

Ուրիշ օրինակ.

Արյամբ լեցված է յուր կենացըն բաժակ (Թ. Թերզյան):

Ուրիշ օրինակ.

Հետո բացի սիրտս ու այնտեղ թաղեցի Երազն անկենդան (Ա. Չոպանյան):

Հարց. — Կա՞ն ուրիշ կաղապարյալ ձևեր։

Պատ. — Կան նաև բոլորովին պատրաստ վերադիրներ, զոր կարգ մը բառերու ընկերացնել կարծեք ստիպված են ոմանք։

Անիմաստ և կաղապարված վերադիրներ.

Արդար բարկություն
Դառն հեգնություն
Աղի արցունք