Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/202

Այս էջը սրբագրված է

Թո՜ղ նորից երկիրն շունչ քաշե ազատ,
Թո՜ղ նորա կրծքին ջերմ կյանքը եռա։
Երկա՜ր նա տանջվեց դառնաշունչ ձմրան
Ցուրտ կապանքներում քեզ ըսպասելով,
Նա շա՜տ համբերեց... կենսատու գարնան
Քաղցր կարոտը ջերմ փայփայելով։

Ալ. Ծատուրյան

Թե մայր երկիրն ազատվեցավ
Յուր կուռ, ճնչող կապանքից.

Հ. Հովհաննիսյան


Հարց. — Մեկ խոսքով ի՞նչ բանի մեջ կը կայանա ինքնուրույնությունը։

Պատ. — Նախ ինքնուրույնությունը կը կայանա բնական, ճիշդ, պարզ բառով գրելուն մեջ․ թեպետև այս բառը ավելի ծանոթ, ավելի շատ գործածված ըլլա, քան թե կեղծորեն վայելուչ ասացվածք մը, բայց կարելի պիտի չըլլա զայն ուրիշ ձևով արտահայտել ավելի ճշդություն, ավելի փայլ ձեռք բերելու համար։

Կարգ մը հեղինակներ, ինչպես Խրիմյան Հայրիկ, Գարեգին եպ. Սրվանձտյանց, այս ոճին կը պարտին իրենց գրական արժանիքը։

Օրինակ․

«Թող այս սերմի օրհնությունը․ թե պատմեմ քեզ, Թոռնիկ, պիտի զարմանաս սերմանացան տանուտիրոջ երկյուղած ջերմեռանդության վերա։ Այն օրեն, երբ ցանքը կսկսեր, նա այլևս տուն չէր դառնար դաշտեն, այլ բացօթյա կը մնար, յուր գիշերահանգիստ արտին ակոսն էր, մինչև լրանար սերմնացանի ժամանակ։ Դու տեսնայիր, թե ինչպե՜ս կսկսեր ցանք․ նախ և առաջ գոտին պինդ կը կապեր՝ բուռն մի սերմեն որոնելով շապկի սրտաբացեն կը ցաներ ծոցին երկու կողմը մինչև անթատակեր. հետո երեսը խաչակնքելով՝ կսկսեր ցանել արտը։ Քսան և երեսուն օր կը տևեր ցանքին աշխատությունը, մինչև կը ծլեին ցանվորի ծոցին հատիկներ, վասնզի արևը նորա բաց կուրծքին վերա զարնելով՝ ջերմություն կուտար և ի ներքուստ մշակին քրտինք իբրև ցող հատիկներ թրջելով, ծիլեր կը հաներ։