Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/209

Այս էջը սրբագրված է

28. «ՀԵԾԿԼՏԱՆՔ» (sanglots) ԻՍԿՈԻՀԻ ՄԻՆԱՍՅԱՆ

Ահա մատյան մը հայ սիրտով և ֆրանսացիի գրչով գրված։ Քսանհինգ կտոր արձակ քերթվածներ, ավելի ճիշտը հոգիի պատկերներ են, որոնց ամբողջությունը դուրս ցատկեցնող շրջանակը կերտած է պր․ Ֆրետերիք Մագլեր, հայաշխատ փրոֆեսորը, իր նախաբանով։ Քերթողուհին իր այս վերջին հատորին մեջ ավելի լայն շունչ և վերլուծում դրած է, քան իր նախորդ մատյանին՝ «Ներուժ ժամերուն» մեջ։ Հոգիի ի՞նչ մանրազնին քրքրում, կոկորդ սեղմող ի՞նչ թախիծ ի հայտ կը բերե ան իր «Հապավվածին» (Mutilee), «Քու ողջագուրումդ, ո՛վ Մահ...», «Երբ ես քեզի կուգամ» կտորներուն մեջ։ էջեր ունի. որոնց մեջ կինն է՝ ամբողջ իր հոգիովը ու լուռ գալարումներով։ Ո՞չ մեկ այր քերթող պիտի կրնար տալ մեզ իր «Մորմոքը», զոր այս հատորիս մեջ թարգմանված պիտի գտնե ընթերցողը։ «Քեզի՛, Արևը», հզոր տեսանողի, բանդագուշողի աչքերով նայված Վոսփորի պատկերն է՝ զանգված այնպիսի՛ գույներով, որոնք պրիսմակներու մեջեն մի այն կրնան նշմարվիլ։ Իր «Քու քաղցրությանդ աշունը» մտածել տվավ ինծի անձրևոտ, դեղին տերևներու բարկ հոտը, զոր օր մը պիտի զգայի իմ սեփական սիրտիս մեջեն, երբ արևը այլևս ան զոր ըլլար թառամած ձեռքերս տաքցնելու, оր մը։

Իսկուհի Մինաս և՛ քերթող է և՛ հոգեդետ մը։ Նախազգացումներու գրագիտուհին է ան․ իր մտածումները կարծես թռչող անշոշափելի զանակներ են, որոնք արևուն տակ մերթ ընդ մերթ կը ցոլցոլան ու կանցնին։ Անկեղծ է իբր մտածող և հանդուգն է իբր արտահայտող։ Իր լեզվին մասին կը թողում որ Ֆր․ Մադլեր ինքը ըսե․ «Դուք կը հարստացնեք ֆրանսական դպրությունը, քանի որ անոնք (ձեր արձակ քերթվածները) խորհված ու գրված են մեր լեզվով, և այնպիսի ոճով մը, որուն համար մեկե ավելի ֆրանսացի պիտի կրնար ձեզի նախանձիլ»։