Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/213

Այս էջը սրբագրված է

Մենք կը պահանջենք արվեստին կատարյալ անկախությունը:

Արվեստը խենդություն մըն է, և իբր այս, ան կը մնա վեր հեղափոխություններե և հետաշրջականություններե։ Ինքն իսկ ըլլալով կրոնական մոլեռանդություն մը, վե՜ր է նաև ամեն կրոնքե։

Ցեղ մը, որ կուզե ապրիլ պարտավոր է ստեղծել։ Մեհյան մը պետք էր կանգնել։ Մենք կուզենք ծառայել անոր կառուցման։ Մեր հայկական և խորապե՜ս արիական հոգին՝ մերթ անսպասելի և տարօրինակ, և մերթ ամբարձիկ գիծեր պիտի գտնե անոր սյուներուն վրա, թերևս անախորժ, թերևս ընդվզեցնող, բայց միշտ անկեղծ։

Մեհյան մը պետք էր, որ ստեղծվեր․ մենք կուզենք ստեղծել զայն։ Ո՜վ որ կը հավատա՝ թող ներս մտնե, դրան առջև թողլով անցյալին ու ներկային հանդեպ կույրզկուրայնությունն ու նախապաշարումները, ներս տանելով երիտասարդություն, խանդավառություն և մանավանդ ստեղծագործական կորով։

Դրան վերևը՝ իր աչքերուն պիտի բախի քանդակված արձանագրությունը՝ Ստեղծե՜նք:

Ստեղծե՜նք, ապրելու համար տևականության մեջ, ստեղծե՜նք, հոն, այդ տևականության մեջ, մեր ցեղին նոր շեշտերը ավելցնելու համար տիեզերական մեծ համերգության վրա։

Դանիել Վարուժան
Հակոբ Քյուֆեճյան
Ահարոն
Կոստան Զարյան
Գեղամ Բարսեղյան