Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/215

Այս էջը սրբագրված է

լռիկ մնջիկ կը կրծեն, և օր մըն ալ կը տեսնես, որ ցորենին թեփը միայն թողացեր են։

Գյուղին ամենեն մեծակառույց շենքը, ինչպես ըսինք, քսան տարիե ավելի է, որ հատկացված է հայ կրոնավորուհիներու, որոնք աղջիկներ պիտի կրթեին, լուսավոր մայրեր պիտի տային։ Ո՜չ մեկ արդյունք։ Շենք շնորհք իր ստորագրությունը դնել գիտցող աղջիկ մը ելած չէ անկե։ Ի՞նչ ըրին այդ կուսաննները։ Քսան տարվան մեջ, երբ սովորական մանկապարտիզպանուհի մը հրաշքներ պիտի գործեր, անոնք, առանց խղճի խայթ մը զգալու, առ առավելն շատ կերան, շատ քնացան, իրենց ջլախտը բուժեցին, շա՜տ աղոթեցին, և հետո՞, հետո ոչինչ․․․ և կամ դեռ շատ ու շատ բաներ, զոր կը լռենք հոս, իհարկե ոչ թե իրենց կրոնավորուհիի հանգամանքին, այլ իրենց կնոջական արժանապատվության խնայելով։

Իսկապես պետք էր հեռացնել զանոնք, որոնց դեմ տարիներե ի վեր բանավոր հակակրություն մը կար, և որոնք Բրգնիկ կը ղրկվեին ոչ թե բան սորվեցնելու, այլ որովհետև Բրգնիկը վայրն էր հյուծախտավորներու և ջլախտավորներու օդափոխության համար։ Պետք էր հեռացնել զանոնք ի շահ ապագա հայրերուն, նույնիսկ ի շահ Անարատ Հղության պատվախնդրության, որը շատ լավ գիտե անշուշտ այս ի շահին նշանակությունը, եթե հին դեպքերը արձանագրած է իր ատենագրություններուն մեջ։ Այսօր ուրախ ենք, որ բրգնի կցին հանդես կուգա ամբողջ իր գիտակցությամբ, միացած ապիկար Քեչեճյաններու և երիցս ապիկար Շաղլամյաններու շահախնդիր վայնասուններուն դեմ, ու միակ հարվածով մը կը պարպե այդ հեղգության բույնը, որ կոչված է ապագային ըլլալու Բրգնիկի իգական սեռին փրկության տունը։

Տեղեկատուներու նամակներեն կը տեսնվի նաև, որ տեղվոյն Առաջնորդ Քեչեճյան եպիսկոպոս ըսվածը՝ անգամ մը ևս ապացույցը տված է իր թունավոր նկարագրին, Բրգնիկը կարող վարդապետներն ամայացնելու և իր պես սնամիտ աբեղաներով լեցնելու քաղաքականության։ Կաշխատի հեռացնել Պաղտիկյան Ներսես վարդապետը, որ բանիմաց ու օգտակար է համայնքին, և որ կաշխատինք հավատալ — կերևա թե