Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/216

Այս էջը սրբագրված է

առավելությունն ունի ժողովրդասեր և լայնախոհ ըլլալու։ Եպիսկոպոս մը, որ ճարպիկությունը ունեցեր է նստելու Հաճյանի պես շինարար Գերապայծառի մը աթոrին վրա, կը հարցնենք թե ինչո՞վ արժանի է եղեր այդ աթոռին. իր մորուքո՞վ, թե լույսին բերանը կնքող մատանիովը։ Իր թեմին մեջ ազգային, կրթական, շինարարական ի՞նչ հիշատակ թողած է։ Եթե չամչնա ցույց տալու Որդնիկի բաղնիքին շինությունը, գոնե թող ամչնա, երբ ըսենք թե դարձյալ Հաճյանի թողած ոսկիները և գյուղացիներուն քրտինքը կանգնեցին զայն, այդ բաղնիքը, որուն մեջ այսօր կերթա լվացվելու ինքը, և լվալու իր խիղճը, որ չէ մաքրված և որ պիտի չմաքրվի։

Նշանակելի է նաև որ մայրապետները դպրոցին բանալիները հանձնած են Սեբաստիո կուսակալին և Քեչեճյան վարանած է զանոնք գյուղացիներուն վերադարձնել տալու: Այս գերազանցապես զզվելի մտայնությունը միթե դաս մը չէ՞ ամեն անոնց, որոնք այդպիսի կրոնավորներե դեռ ազգասիրություն և արժանապատվություն կը հուսան։ Որո՞ւ տունը որու կը հանձնեն։ Դպրոցի մը բանալիները լույսին բանալիներն են՝ զոր մեր կղերը դեռ հիմարորեն կը համառի ժողովուրդին չտալու, հակառակ որ այսքան տարի ժանգոտած ըլլան անոնք իրենց ձեռքերուն մեջ։ Անգամ մը ևս կը հարցնենք. որո՞ւն տունը որու կը հանձնեն։ Ո՜վ դավաճանություն, դեռ ի՛նչ դիմակներով պիտի ներկայացնեն քեզ Թերզյանի մանկլավիկները։

Բրգնիկի աղջկանց վարժարանը բացարձակապես կը պատկանի ժողովուրդին․ ոչ մեկ այր կամ կին կղեր նշանախեց մը իրավունք չունի այդ շենքին մեջ։ Դպրոց է անիկա, և ոչ թե կուսանոց՝ զոր խարդախորեն կը պնդեն արծաթապաշտ սքեմավորները։ Զայս հաստատող արձանագրությունները տակավին կը մնան տոմարներուն մեջ։ Այդ շենքը ինչպիսի՜ զոհողություններ արժած է։ Կառուցված է 900 ոսկի գումարով մը, որուն 700 ոսկին վճարած են բրգնիկցիները իրենց քսակեն և հանգանակությամբ։ Եթե ամեն ոք ուրանա, պիտի աղաղակեն քարն ու փայտը, կիրն ու շաղախը այդ շենքին, զոր ամիսներով գյուղացիները ձրիաբար հայթայթած բերած են։ Այս տողերը գրողը նույնիսկ, դեռ տղա, իր մորը հետ անոր հիմերուն