Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/217

Այս էջը սրբագրված է

համար օրերով խիճ փոխադրած է գետակներեն՝ լավագույն գործի մը ծառայած ըլլալու գիտակցությամբ․ և այսօր դեռ իրեն պես շատերու հետ զարմանալի չէ, որ քարկոծվի՝ ժողովուրդը ոչխարի նման հավիտենապես խուզող գերաներեն։

Բրգնիկեն եկած վերջին նամակները ցույց կուտան, թե ժողովուրդը միահամուռ կաշխատի մեկ կողմեն վերջնականապես տեր ըլլալ իր սեփականության, և մյուս կողմե արդեն գրավելու վրա է կղերին կողմե անհաշիվ կերպով մատակարարված այն կալվածները, որոնք մինչև ցարդ ոչ մեկ արդյունք տվին տեղվույն նույնիսկ եկեղեցիին համար, որ այսօր ի փառս քրիստոսի գուցե, կործանելու մոտ վիճակի մը հասած է։

Մենք համակրությամբ կընդունինք մեր հայրենակիցներուն այդ արդարադատ քայլը։ Երանի թե հայրենասիրության և ուսումի ու կրթության ծարավը զիրենք միշտ հաշտ ու միաբան պահե, և վերջ ի վերջո զոհ չերթան նույնինքն Հիսուսյաններու Մեծավորին, որուն միջնորդության դիմած են և զոր բարերար կը կարծեն դծբախտաբար, ի՞նչ որ չէ՛, և ի՛նչ որ չի՛ կրնար ըլլալ երբեք։ Անշուշտ մեր հայրենակիցները գիտնալու են, որ հայ կաթոլիկ կղերին շահատակություններուն մեծ զորավիգը, հայտնի կամ գաղտնի, Հիսուսյանները եղան, և այս շատ բնական էր։

Փոքրիկ շեղումով մը, այսօր մեր բացարձակապես արհամարհող լռության մեջ, վայրկյան մը զիջելով առիթը կառնենք հարցնել «Կաթողիկե Ցեխարձակին» իր էնկյուրիի մեջ ու այլուր, պիտակավոր դարձած Թերզիպաշյան խմբագրին. «Գերապայծառ, այժմ որո՞նք են, որ կը վռնտվին Բրգնիկեն»։