Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/229

Այս էջը սրբագրված է

1901


1. <ԻԳՆԱՏԻՈՍ ԿՅՈԻՐԵՂՅԱՆԻՆ>

<Օգոստոս> 23/5 սեպտ․ 1901, Կ․ Պոլիս

Արհիապատիվ Հայր,

Պատանեկության թերավարժ մտոքս ու գրչովս Ձեր Արհիապատվության կը գրեմ․․․ Բայց այս արարքիս մեջ թերևս հանդուգն համարեք աննշանս, սակայն ո՜հ, ես հանցավոր չեմ, այլ բազմօգուտ Մխիթարյան Միաբանությունը, Ձեր՝ հօգուտ ազգին թափած ճիգն ու քիրտն և իմ երախտագիտությունքս են հանցավորներն, որոնք հառաջ մղեցին զիս, որ հազարավոր անձանց ըրածին նման, ես ալ իմ սրտի և հոգվո երախտագիտությանց պարտքս Ձեր հարգո ոտից առջև դնեմ՝ նախ շնորհավորելով այս Երկհարյուրամյա Հոբելյանին առթիվ համայն Միաբանությունն, որո մինչև ցարդ գոյացուցած օգտաշատ արդյունքն անուրանալի է այլոց և ազգին կողմանե, ու երկրորդ ձեր Արհիապատվությունն, որ մեն մի ջանք ի գործ դրած եք և կը դնեք, որ Ձեր արդյունաբեր սաներով մարդկությունը պսակվի։

Ուստի ես ալ ի խորոց սրտի՝ անկեղծ մաղթանքս կը բարձրացնեմ առ Երկինք, որ շատ-շատ այսպիսի շքեղ ու սուրբ երկհարյուրամյակներու արժանացնե զՄիաբանությունն և Ձեզի ալ երկար կյանք պարգևելով՝ Ձեր աշխատությունն անթարշամ ծաղկյա բրաբիոնավ պսակե գեղապաճույճ։

Մնամ սուրբ աջերնիդ համբուրող
Դանիել Գ. Չուպուգկեռյան Բրգնիկցի
Քաղկեդոնի Մխ․<իթարյանց> վարժարանին ուսանող