Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/240

Այս էջը սրբագրված է

ցցուցած են դնելու՝ գիտնալով, որ պիտի չնենգեմ իրենց գեղեցկագիտութիւնը և գիտնալով (որչափ որ կարելի է), որ օգնություն մը ըրած պիտի ըլլան անկարող հորս։

Չերկարեմ։ Այնքան հույսերով լի <չեմ>, լի <եմ> այնքան բարյացակամ խրախուսանքով և գոտեպնդող հավանումներով այդ անդրանիկ հատորի համար, զոր չեմ գիտեր ո՞ր սև օրը, ո՞ր սև աստղերու տակ միտքս, սիրտս դուրս ժայթքեց։

Պիտի խնդրեի, որ ինչպես Ձեր խնամքը նվիրեցիք, անոր նվիրեիք նաև մաղթանք մը որ հայ<հասարակության> մեջ գտներ բարի և տևական ընդունելություն մը։ Մնամ աջերնիդ համբուրելով

Խ<ոնարհ> Դանիել Վարուժան


12. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

7 դեկտ., 1905, Կանտ

Մեծապատիվ Տեր,

Ներփակյալ Ձեզ կը հղեմ քերթված մը և «Անահիտի» մեջ, անկյուն մը, անոր հրատարակությունը կը խնդրեմ։ Հոգվույս մեջ զիս անհանգիստ կընեին այդ քանի մը տողերը. Ձեզի կը հանձնեմ զանոնք։ Ունի՞ն ներշնչման նորություն, կա՞ վսեմ կիրք, կա՞ ինքնուրույն արվեստ իրենց ծնունդին մեջ, իրենց գույներուն մեջե անցա՞ծ է արևելյան վերջալույս մը. չեմ գիտեր։ Թող Ձեր հյուրընկալությունը անաչառ ըլլա. խրախուսելու իղձը արժանիք չստեղծե։

Հետո.

Պիտի փափաքեի որ ինծի ղրկեիք Ձեր հայերենե գաղղ<իերեն> թարգմանություններուն անունները իրենց գիներով, որոնք հոս շատ մը օտարականներու առջև այնքա՞ն ազդեցություն պիտի ընեն՝ որքան (կռուփի սեղմումով կ՛ըսեմ զայս) երկրորդ հայկական ջարդ մը պիտի չըներ...