Այս տողերը գրած եմ կազմության հետևյալ մտածումով. ընել սկզբնավորություն մը ընտանի և ուժեղ բացատրությամբ, ա՜յնպես որ ան ըլլա վսեմ և միանգամայն բնական. այսպեսով իմաստի վսեմությունը ձևին բնականությունը ճապաղության մեջ իյնալե պիտի արգիլե, իսկ բնական ձևը վսեմին իմաստը պիտի չդարձնե խիստ և օտարոտի՝ քանի որ քերթվածը կուղըղվի բարեկամի մը։
Հետո. ըսել բժշկին առաջին, անմիջական, որակիչ կարողությունը, որ միանգամայն իր նպատակն է. Մահն սպաննել... քանի որ միջոցները երկրորդական են, և անոնց երկար թվարկումե մը վերջ՝ «Մահն սպաննել» բացատրությունը խիստ թույլ պիտի գա։
|
Գլուխդ խոթ կուրծքի դնելը հանդուգն գործ մէ, ուր խաբված սիրո ըմբոստության դիպելու վտանգը կա՝ ինչպես խաբված ռամիկի ըմբոստության։ Իմաստը հասկանալի է, բայց իր սեղմության պատճառավ՝ ո՜չ դյուրությամբ. կուռ է ան և արդյունք՝ հանկարծական կրքոտ զգացումի մը. անպատճառ հապճեպով կարդացած եք զայն, որ Ձեզի անորոշ թված է և թույլ. ա՜յն է զարմանալին, որ այս տունը ընդհակառակը ես մյուսներեն ավելի գերադասեցի։
|
Այս վերջին նմանության մեջ պետք եղած տխրությունը չեք գտնար, ճիշտ պիտի ըլլար այդ տեսությունը, եթե տխրությունը դատվեր միմիայն առերևույթ: Ընդհանրապես երկու տեսակի կը բաժնեմ տխրությունը՝ արտաքին և ներքին, առաջինը նկարչական է և կը խոսի մեր աչքին ու ճաշակին, երկրորդը իմացական է, հետևաբար նախ կը խոսի մեր գիտակցության և հետո՝ սրտին։ Ավելի պարզեմ միտքս. Աշխարհը կրնա