Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/266

Այս էջը սրբագրված է

ձեր ղրկած արդյունքեն՝ ըրած ամենամանր ծախքերնիդ իսկ հանեցեք։ Պատճառած նեղությունս գուցե բարեկամություն մը կը բավե. բայց վնասի դուռ չեմ ուզեր ըլլալ։

Գալով հատորիկին, հետաքրքիր եմ, թե ինչ ընդունելություն պիտի գտնե՝ գեթ բանեն հասկցողներու կողմե։

Ծավալին փոքրությունը արկած մըն է լոկ. կեսեն ավելին — կրնամ ըսել լավ մասը — չհրատարակվեցավ՝ շնորհիվ (թո՛ղ ուրիշ պատճառները) Վանքի մամուլին կուսակրոնության և կուսազգության:

Գա՜լ տարի․ տեսնանք։

Նամակը վերջացնելն առաջ մի անգամ ևս շնորհակալ ըլլալով, կը մնամ սիրալիր ողջույններով

Ձերդ
Դանիել Վարուժան


30. ՍԱՀԱԿ ՀԱՃՅԱՆԻՆ

Փետրվար, 1906, Կանտ

Արհի․<ապատիվ> գեր<ապայծառ> Տեր Հաճյան,

Միջավայրի և պարագաներու պատճառավ դժբախտաբար ուշ տեղեկացա Ձեր հիսնամյա հոբելյանին։ Եվ ես շատ ուշ կը բերեմ ահա բեռը զգացումիս ծաղիկներուն․․․ գուցե անոնց ծանրութենեն։

Պատանութենես ի վեր գրեթե գիտակցությանս հետ ճանչըցած եմ այն կուռ բարությունը Ձեր հոգվույն, որ այսօր՝ 50 տարվան պայքարե վերջ, իր այնքան հորձանքեն հաղթական դեպի, փառքի արևուն կը բարձրանա՝ աղավնիի մը թևեն ավելի մաքուր և արծիվի մը պարանոցեն ավելի վեհ։

Ձեր գործերը սրտիսմեջ կը թվեմ և կը հիանամ դպրոցներու կանգնումեն մինչև այս վերջի տեղապահության պաշտոնը. առաջինին դրվատիքը թող մանուկները պատմեն ու վերջինինը՝ ծեքերը։