9. ԳՅՈԻՂԻՍ ԴՊՐՈՑԸ
Բրգնիկցիներուն համար
Ա
Անիկա թաղերուն ճիշտ մեջտեղը կը բարձրանա գեղեցկորեն։ Գյուղին պալատն է․ իր գահին վրա գիրքը կիշխե, որուն մեջ սիրո օրենքը գրված է։ Չորս դին՝ տուները ցած են, և ան երկու տանիքի վրա իր շուքը կրնա ձգել։ Շքեղ է և իր հնոցին մեջ՝ սրտերու համար շքեղություն կը շինե։
Սրբազան ծերունիի[1] մը ամբողջ քրտինքն արժեց այդ շենքը շինել տալը։ Այն վսեմ հոգվույն համար՝ Բրգնիկի դաշտերեն մանուկները թող ծաղիկներ ժողվին և կույսերը պսակներ թող հորինեն․ անոր՝ թող արշալույսը ամեն օր իր հետ կյանք բերե և վերջալույսը՝ անուշիկ հանգիստ մը իրեն վերջին օրերուն, անոր համար հիշատակիս պաշտումի դափնի մը թող ունենա ապագան և հաջորդաբար ժառանգ ձգե զայն եկող սերունդին, որ ավելի գիտուն և ավելի զգոն պիտի ըլլա։ Փառք այն պարզ ժողովրդյան, որ իր կրթարանին շինության թիկունք եղավ և իր կուրծքը գաղափարին համար արյունեց, ուր իր հին թմրության մեջ զգաց վերջապես կյանքին շարժումը, և հունձքերու մեջ այրած ճակատը՝ վայրկյան մը գրքին էջերուն դարձուց, կիսովի ձգեց ստրկության ձորձը և մոռացոնքի քողին տակեն և խավարկուտ անդունդներեն՝ քրտինքով և մղեղով հեղձուկ կոկորդով մը աղաղակեց․ Լո՜ւյս կուզենք․․․։
Լո՜ւյս կուզենք․․․ լսե, թե հայրդ քեզի ինչ կը սորվեցնե ասկե վերջ․ և մայրդ իր համբույրին հետ՝ ուղեղիդ ծալքերուն ինչ կը հեղու․ ո՜վ գյուղիս սիրուն պատանյակը․ ո՜վ խավարի մեջ տժգունած ծաղիկ․ ո՜վ կույր ճամբորդ օրորոցեն գերեզման,
- ↑ Արհիապատիվ արքեպիսկ. Հաճյան