Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/314

Այս էջը սրբագրված է

մըն էր։ Այսպիսի պարագայի մը մեջ միտքը միշտ հոռետես կըլլա. կասկածը չարագուշակ նշան մը փաստի կը փոխե, իր մեծության չափ կը մեծցնե, իր որակով կորակե։ Հետևաբար կասկածող հոգին կը տանջվի այնշափ, որչափ կը հուսար։ Հույսին քանակը հուսախաբության պարագային վշտին քանակը կը սահմանե։

Այս հոգեբանական է։ Կույսին տանջանքը արդարացի պիտի գտնեք, երբ իր մենախոսության մեջ ըմբռնեք իր հոգին լի բուռն սիրով և ակնկալությամբ, զոր միշտ կասկածանքը իր մագիլներուն մեջ կը բռնե։ Եթե ատիկա չընդունիք՝ անտեղի գտնելով կույսեն ճիչ մը կամ հոգեկան ու ցնորքի տագնապ մը, մերմած պիտի ըլլաք ամբողջ Օթելլոյի, անմահ Օթելլոյի հոգեբանությունը։ Բառ մըն ալ այս մասին․ ինչո՞ւ կույս բառն ընդգծած եք և ռազմիկը՝ փեսա ըրած․ ասի չէր կրնար սիրահար կամ նշանած ըլլար, մանավանդ նշանած չէր կրնար ըլլալ։ Կույսն ընդգծելը անոր կուսությունը պղծելու պես բան մէ․ ուշադրություն բարեկամ, գուցե հեգ զինվորը այդ անպատվությունը չը կլլե ու իր վերադարձին, իր զինվորի խառնվածքով ապտակ մը իջեցնե ինձ, պ․ Չոպանյանին ու ավելի Ձեզի, Ձեզի, որ իր համար նշանածեն <ջիղ> մը, սիրո տագնապ մը ավելորդ տեսնելե զատ, զինքն առագաստի առջին վայելումեն իսկ կը գրկեք։

Հետևաբար դարձյալ երկուքդ ալ պ․ Չոպանյանի հետ համաձայնինք այդ պալլատը նկատելով եթե ոչ գոհար մը, գոնե ոչ ալ անարգ կավ մը անարվեստորեն կաղապարված։

— «Հավերժության սեմին»։

Մահաբեմերն (ուր միշտ պատրաստ Սատանին) կընդունիմ այն, թե իր տարօրինակության մեջ չէ գեղեցիկը, բայց ոչ վերջի չորս տողերը, որոնց մասին Դուք, ի՞նչ կուզեք ըսեք, անոնք իրենց հյուսվածական համեմատությամբ և ուժգնությամբ իրենց սիրողները պիտի ունենան։ Բայց ես կը թողում հոս մանր խծբծանքներուն պատասխանել, կուզեմ միայն տեսնել, թե ի՞նչ սխալ է ան, որ անգամ մը քերթվածին մեջ սպրդած է ու հետզհետէ արմատացած։ Ոտանավորին նյութը ավելի իմաստասիրական մտքի կը վերաբերի, քան սրտի, նույնը