Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/315

Այս էջը սրբագրված է

կը հայտնե մեռյալին ինձ հետ ունեցած սրտիս անարյունակցությունը, նույնը կը հայտնե մանավանդ, նույնը կը հայտնեն հաջորդ բոլոր տուները։ Բայց ինչո՞ւ այդքան զգացում։ Ի՞նչ զգացում է այդ և ի՞նչ վիշտ։ Այդ վիշտը տանջվող հոգվո մը վիշտն է, որ հեռացած պահ մը իր (քրիստոնեական) հավատալիքներեն և դեռ նոր շրթունք կարկառած ընդդիմամարտ իմաստասիրության՝ կը տեսնե, որ իր աջ ոտքին տակ բոլոր հաստատությունը կը խուսափի, մինչդեռ ձախը՝ դեռ անհաստատ, դեռ<անարի>, հենակետե մը կարկառած անդունդի մը վրա կը տեսնե, որ գանկին մեկ կեսին մեջ պատանեկական հասակի բարեպաշտական գիտությունը հավատքին հետ մեռնելու վրա է, մինչդեռ մյուս կեսը տակավին չէ գոհացած, տակավին հարցումներով է լեցուն։

Այդ քերթվածը այն ատեն կը հղանար մեջս, երբ փոխն ի փոխ կը կարդայի Ռուսոն, Թոլստոն և Վոլթեռը ու այս ամենուն հետ՝ Աստվածաշունչը։ Կարող չեմ ըսել, թե ի՜նչ հոգեկան տանջանք էր, ի՜նչ ճգնաժամ էր, որուն մեջ ես կապրեի այդ օրերը։ Լույսի ու խավարի կռիվ մը կար մեջս, և ես չէի գիտեր, թե ատիկա արշալո՞ւյս է, թե՞ վերջալույս․ բայց գիտեի, որ այդ երկուքին նման հոգիս կարմիր կը քրտներ, հոգիս արյուն կը քրտներ ճշմարտապես և խորապես կը տանջվեի։

Այն օրերուն մեջ այցելություն մը Վենետիկո սուրբ Միքայելի գերեզմանատունը բավական կըլլար զիս հուզելու և բոլոր մտատանջություններես վերջը մղելու երևակայության և զգայուն այդ բարբարոս փղձկերումին, որուն ծնունդ կուտար ինքն՝ իմաստասիրությունը՝ դեռ մեջս նորածին և անորոշ, բայց զորեզ ու հարաճուն։

Այս արցունքով չարտասվե՞ց այն աննմանորեն հսկա Լեոփարաին, որուն վիշտը ավելի մտքի ծնունդ էր՝ քան սրտի, տիեզերական՝ քան անձնական․ ա՛յն՝ որ դժբախտ եղավ, վասնզի իմաստասիրեց։

Բայց ինչո՞ւ երկարել այսչափ․

Արդեն իսկ բացատրեցի Ձեզ իմե իմ հոգիս անկեղծորեն և առանց վերապահության։

Կը լրացնեմ՝ ներողություն խնդրելով երբեմն անձնագովություններս,