Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/335

Այս էջը սրբագրված է

Հարցնում եմ և քո անվան շողերով լցված՝ տենդորեն դուրս եմ գալիս և անցնում տիկին Wohens-ի մոտ, քո մասին յուրեր իմանալու և իմ նորությունները հաղորդելու, որ նա քեզ հայտնի։

Հարգանոք՝
<Դանիել Վարուժան>


81. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

2 մայիս, 1907, Կանտ

Սիրելի տոքթոր Պազարճյան,

Ձեր ահազանգին առթիվ գրածներս թույլ կը տեսնեք։ Անոնք հզոր կըլլային, եթե գրելես վերջ պատրաստ ըլլայր անմիջապես գործնականապես մաքառիլ․ բայց ես զիս ատոր դեռ անպատրաստ կզգամ՝ նախ՝ որ կյանքս բնական ընթացքին մեջ չէ ձգված և տակավին ապագաս բարձի վրա թողված է, երկրորդ՝ իմ նվագած ջութակս մինչև ցարդ ուրիշ ջութակ եղած է։

Սապես ըսեմ․ հեղափոխության կամ անոր ղեկավարներուն դեմ կռվելու համար, պետք է գործին մեջ ըլլալ և տապալած փլատակին տեղ<ը> անձամբ բռնել։ Եթե պորտաբույծները Ձեր նկարագրածին աստիճան են՝ լոկ գրելով այդ արմատացումն ուղղել ընդունայնորեն ընդունայն է։ Խոսելե առաջ պետք է գործին մեջ մտնել։ Եղածը կործանել տքնիլ՝ առանց ուրիշ մը կանգնելու պատրաստ ըլլալու, չեմ հասկնար ես։ Հեռվեն հեռու շատեր գրեր են, բայց ո՛չ մեկը մատը ջուրը թաթխեր է։

Ինծի կրնա՞ք ըսել, թե Դուք բանաստեղծությունը ի՛նչ ձևով կը հասկնաք․ գեղարվեստը ուրիշ անգամվան ձգենք։

Չոպանյան ոչի՛նչ շահ ունի զիս փաղաքշելու, ո՛չ ալ ինձ անծանոթ Ա․ Անտոնյան մը, որ իր Համազգային գրականության հավաքածոյին մեջ իբր հայատիպ արտադրություն ինձմե կորոշեր քերթված մը։