Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/338

Այս էջը սրբագրված է

գիտություններու մեջ՝ լավ հմուտ։ Ես Ռուսոն շատոնց է կը կարդամ, բայց այսօր միայն ըսածները կյանքիս և զգացումներուս խառերուն մեջ կը փնտռեմ և իմ հոգիիս փորձովը զինքը կը վավերացնեմ։ Ուրիշ մասամբ. այսօր զիս մատենագրությունը, կենսագրությունները, կրոնական և քաղաքական պատմությունները ավելի կը հետաքրքրեն և ավելի կզբաղեցնեն։ Իմաստասիրությունը ատոնց վրա պիտի հիմնվի՝ կյանքն ալ մեջը հաշվելով։ Ես կը փափաքիմ, որ երբ իմաստասերը ինծի խոսի՝ ամեն ըսածներուն փորձը առատորեն ես իմ մեջս հայթայթեմ։ Հոն է միայն նյարդոտ կազմությունը։ Ծրագիրներ ունիմ: Կը տեսնեմ, որ Դուք անհամբեր եք Ձեր խորհուրդներուն մեջ, ես համառ՝ զանոնք սկսելու։ Գալով բանաստեղծությանցս՝ իմաստասիրությունը հոն տեղ չի գրավեր, հոգեբանական մասը՝ մասամբ։ Բայց հակառակ ասոր՝ բանաստեղծությունը միշտ բանաստեղծություն է։ Հակառակը մտածելն յիս քմծիծաղ կարթնցնե։ Չխոսելով նպաստավոր խառնվածքի վրա, բավ է որ մեկը ուսումնասիրած ըլլա բնության երևույթները մանրամասն և իր արվեստը կոկած։ Ահա ինչ որ մինչ ցարդ ըրած եմ, կամ ըրած ըլլալու վրա։ Առ այս միշտ Ձեր Հախուռն վճիռները պիտի անտեսեմ։ Դուք այս եսասեր դյուրագրգռություն համարեցեք, ես կը համարիմ արդար համոզումիս անբռնաբարելի իրավունքը։ Զիս զայրացնողը Ձեր վճիռներու անկեղծությունը չէ։ Այդչափ երեխա չեմ, այլ այդ վճիռներուն թյուր մեկնակետը. ինչ որ հեղ մըն ալ ի հայտ եկավ, երբ «Առաջին մեղքը» կը բաղդատեք Marguerite-ի հոգեբանության հետ՝ առանց նկատի առնելով բյուրավոր պարագաներով լի թատրոն մը և խորհրդապաշտ նկար մը, որ ամեն զգացում, ամեն իրականության հետ շղաքշելու արվեստը ունի, և հետո, և հետո Marguerite անմիջապես մեղքեն վերջն է, որ իր «սարսուռն ու զղջումն, և ողբը կը թափե», ո՛չ։ Ավելի հոգեբանական է կարծեմ, որ մեղքին ծանրությունը դեռ թարմ, դեռ բնազդաբար զգացված՝ բնազդաբար միայն լացի շարժե։ Ուրիշ կետերուն մասին ուրիշ անգամ կը գրեմ։

Միշտ սիրովն Ձերդ
Դ. Վարուժան