Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/339

Այս էջը սրբագրված է

84. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

2 հունիս, 1907, Կանտ

Սիրելի պ. Չոպանյան,

Անցյալ ամառ Ձեզ գրած էի «Ջարդի» մասին, զոր փափաքիս համաձայն փափաք հայտնած էիք նախ «Անահիտի» մեջ և հետո առանձին տետրակով հրատարակել։ Ուսանող<ական> միությունը, որուն Իտալիայի ընկերներս զայն ուղարկած էին, մինչ ցարդ ոչինչ ըրած է։ Արդ կիմանամ, թե նույնիսկ Ուսանողակ<ան> ընդհ<հանուր> միություն մարդեն շատոնց է գոյություն չունի։ Ես չգիտեմ, թե ձեռագիրս ի՛նչ ըրին։ Լավ է ասկե վերջ բնավ հրատարակելու փորձ չընեն, վասնզի քանի մը փոքր, բայց խիստ կարևոր փոփոխություներ մտցուցած եմ անոր մեջ։ Այս կտորը առանձին տպագրված տեսնելու անհամբեր եմ։ Ընդունեցեք. արցունքիս, ցասումիս և հեգնությանս մեկ խմորումն է, զոր Զեզի կուղարկեմ։ Ամեն շեշտ սրտիս բաբախման հետ չափած եմ։ Ջղայնությունս և passion[1], զոր քերթվածներուս առաջին օրենքը կը նկատեմ, ինձ շատ դյուրիե ներշնչած են այս կտորը, բայց անոր ամբողջական և ներդաշնակ կազմություն մը տալու բավական աշխատած եմ։ Դուք, որ արվեստե այնքա՞ն կը հասկնաք, կրնաք ըմբռնել նյութին անհեթեթ ըմբոստությունը ոևէ որոշ ծրագրի մը թեքելու։ Բայց ո՜րչափ երջանիկ պիտի ըլլամ, եթե զիս ապահովցնեք, թե ատոր մեջ հաջողած եմ արդեն։

Կարո՞ղ եք ըսել, թե երբ կրնաք հրատարակել և որչա՞փ օրինակ։ Եթե ես փափաք մունիմ՝ տպագրության մաքրությունն և ճաշակավորությունն է, զոր Ձեր գեղարվեստական հասկացողության կը թողում և կապահովվիմ։

Ձերդ սիրով
Դ. Վարուժան
  1. Կիրք