Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/342

Այս էջը սրբագրված է

87. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

<6 հուլիս, 1907, Կանտ>

Առ Հայր Ա․ Քասգանտիլյան,

Քարտիս նպատակը կը հուսամ, թե անհաճո պիտի չըլլա Ձեզի։ Հուլիսի վերջերը կսկսին մեր քննությանները և արդեն տենդոտորեն կաշխատինք։ Կարելի՞ չէ որ այս ամեն քննությանց վճարման համար 100 ֆրանք ավելի ուղարկեիք․ հոս համալսարանները իտալականներու բաղդատմամբ ավելի պահանջկոտ են։ Ձեր հայրական կամեցողության հակառակ, որոմե բնավ չեմ տարակուսիր, եթե ունենաք ոևէ պատահական արգելք մը, ի հարկին ընդունած ստացագիրս ետ կուղարկեմ:

Կը հուսամ, թե չեմ մերժվիր, վասնզի անդրդվելիորեն գիտեմ, թե կըմբռնեք պետքիս անհրաժեշտությունը և հավատքը ունեք լիուլի հաջողությանս, որուն համար այս տարի ամբողջ պողպատակամ աշխատեցա՝ մերթ ի վնաս առողջությանս, և հետևաբար նախ ես ինքս կը հուսամ իմ հաջողությանս, առանց որո երթալ հորը նետվիլ ինծի ավելի լավ է և ավելի պատվաբեր։

<Կանխավ> շնորհակալություններով

Միշտ Ձերդ սիրով
խոնարհ
<Դ. Վարուժան>


88. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

<12—15 հուլիս, 1907, Կանտ>

Առ Հայր Արիստ․ Քասգանտիլյան,

Ընդուներ եմ Ձեր նամակը և ներփակյալ 150 ֆրանք՝ թոշակիս և քննությանցս համար։ Շատ շնորհակալ եմ։

Հիսուն ֆրանքի մասին հոգ չէ, հոս ընկերներես ճարած եմ, քիչ-քիչ վճարելու պայմանավ։ Հոգ չէ, կըսեմ, թե պարտք եմ։