Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/348

Այս էջը սրբագրված է

Իսկ այս լքիչ միայնության մեջ (հակառակ որ սեղանիս վրա հռոմեական և հունական մատենագրության գլուխգործոցներ դիզած եմ), անկարելի պիտի ըլլա հարահույզ ժամերուս հանգիստ տալը։ Ոչ թե միայն չկա մտերիմ մը, գորովալից սիրտ մը, մեկը որ քեզ մխիթարե և քեզմե մխիթարվի, կամ հասկնա գրական խառնվածքդ ու ազդակ մըլլա բերումիդ, օրեօր զարգացումին, այլ հոս եղող բնիկ գյուղացիները ատելի և միանգամայն երկյուղալի էակ մը նկատած են զիս։ Երբ առջի օրերս՝ հոս բնակեցա, լսեցի, որ զիս կը նկատեն խենդ մը․ փոքր տղաքը, ճամբուս վրա, սկսան ինձմե հեռու փախիլ, բայց որովհետև գիշերվան, տանս մոտ, դաշտի մը մեջ կտրված ծառերու վրա կը նստիմ երկինքը դիտելու, գյուղին մեջ կամաց-կամաց տարաձայնվեցավ, թե լսեր են, որ աստղերուն հետ կը խոսիմ, թե ծեր կին մը կաթ տարած ատենը իբր թե զիս տեսեր է սատանայի փոխված. արդ նկատված եմ անհավատ կախարդ մը, վհուկի պես բան մը, հիմակ ալ տղաքն սկսան ետևես քար նետել. այդ պակաս էր։ Ա՛լ հոս կարծեմ, պիտի չմնամ․ գյուղագնացություն՝ լավ, բայց եղբայր, կյանքս վտանգի մեջ է․ նույնիսկ ականջիս կը հասնի, թե գյուղապետը պիտի առաջարկե, որ այս տեղեն վալիզս առնեմ հեռանամ, վասնզի ժողովուրդը խորհրդավոր կերպեր ես ջղագրդռված է։ Աստված իմ, ընդե՞ր թողիր զիս։

Ահա թե ի՜նչ պարագաներու հասած եմ, որուն ամենեն՝ ահավորը կրնամ լիուլի քեզ ըսել։ Տխրություն, մտատանջություն, ձանձրույթ և հուսահատություն՝ ահա բաժինը երիտասարդ հասակիս։ Վիճակս է ցիրուցան, միշտ գերագրգռված, ժամեր կունենամ, որ ես իմ թշնամիս կը դառնամ, ես ինձմե գրեթե կը սոսկամ, եթե այսպես շարունակվի՝ ես ինծի հետ գեշ պիտի լմնցունեմ։ Փորձեցի սրտիս կծկումները մոռնալ գրելով, արտադրելով քանի մը բանաստեղծություն, անկարելի եղավ, և գրածներս ալ ի՜նչ բանաստեղծություն. ամբողջ թույն, ամբողջ լեղի, կարծես ցավերուս մեջ թաթախված էջեր։ Եթե կուզես՝ հոս կը դնեմ քանի մը տող ըստ դիպվածի քերթվածե մը, որուն խորագիրն է «Նիրվանայի հորը»։ Դատե, բաղդատե Դանիելը, զոր ճանչցար՝ Դանիելին հետ, զոր կորսնցուցիր։