Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/368

Այս էջը սրբագրված է

առ մի լուսանկարված՝ բայց իր եսին մեջ՝ միշտ նույն, միշտ համակրելի։ Եվ հետերնիդ Ձեր սրտին իմաստասիրությունը համառոտեցի սա տողերուն մեջ․

Ողբալ զո՜ւր է, և վա՜տ է, բայց և խո՜ւյս տուր շընական
Ու գռեհիկ ծաղրանքեն, ազնիվ ու քաջ տրտմության
Քող մը հըստակ՝ լավագույն պատմուճանն է հոգիին:

Կը խորհեմ, թե Դուք շատ տխուր պետք էիք ըլլալ և նույնիսկ հուսահատ՝ եթե Ձեզ նվիրած չըլլայիք իտեալի մը և հոգեքանդակ աշխատությանց ճնշումին։ Ո՜հ, անտանելի է, անտանելի՜ է հանձնվիլ Արվեստին, հոգին հղկել, ազնվացնել, նրբացնել ու դեռ ապրիլ կոշտ ու կոպիտ էակներու մեջ․ գիտեմ, թե այդպես մարդը ի՜նչ ծածուկ հյուծումներ և ի՜նչ թաքուն արյուններ կը կաթե։

Ձեր ընտիր քերթվածներուն մեջ ընտրություն մընել ինծի դժվար եղավ. եթե պսակին ճարտարահյուս շարքը չեմ եղծաներ՝ պիտի ըսեմ, թե գոհարներու գոհար կը համարեմ և կը սիրեմ հոգևին, «Մեռնի՜լ», «Լոգուհիները», «Սովը», «Գիշերն ահա իր բարեկամ», «Եղերերգ», «Առաջին ձյուն», «Առեղծվածը», «Մայր Հայաստանին», «Հիվանդանոցը», «Գիշերին մեջ», «Սփինքսը» ու հոգեթով «Մորս» ու «Հորսը» և կան դեռ ուրիշները, որոնք կարդացվելե ավելի պիտի երգվին՝ որչափ որ Արևն ու Սերը Մարդ էակին անհրաժեշտ ըլլան։ «Աստղերը», որ ուրիշ հրաշակերտ մըն է, կարդալե վերջ՝ զարմանալի զուգադիպության մը հանդիպեցա․ «Աստուծո արցունքներն» անունով քերթվածիկ մունիմ, կարծեմ հինգ տարի առաջ Վենետիկ գրված, գլխավոր գեղեցկությունն, որ արցունքներու և աստղերու նմանությունն է՝ Ձերինին հետ ճիշդ նույնն է։ Մարդկային մտքի եղբայրությո՞ւն մըն է, թե անգիտակից գողություն․ չեմ գիտեր․ բայց ահա ավազակի ձեռքերուս գելոց զարկած՝ զիս Ձեր առջև կը բերեմ ղրկելով քերթվածիկը։

Աստուծո արցունքները

Երբ միջոցին մեջ տեղի տըված չէր
Դեռ Ոչընչությունն այս Տիեզերքին,