Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/39

Այս էջը սրբագրված է

մարմիններն ու հոգիները կը զիներ, պարույրներուն մեջ ճզմելու համար պսակդ․ և այդ օձը Ժերար Տընին էր։

Չարագուշակ ժամն հնչեց։ Տանդ դիմաց վեհորեն կանգնած, վերջին անգամն ըլլալով կը խոսեիր հայրենակիցներուդ։ Խոսքերդ անոնց մտքերուն կը տեղային զերդ սերմեր շուշանածաղկի և կաղնիի։ Մտածումե մտածում հասած էիր անդունդը գալիքի և նշմարեցիր կացինը մարդասպան, որ բարձրացավ ու զարկավ հոն, ուր ուղեղդ կը միանա սրտիդ։ Գլուխդ ինկավ ամբոխին մեջ, ինչպես օվկիանին մեջ կսուզվի։ Շողերու նման արյունդ ցայտեց և հուսկ նվիրումով մը ժողովուրդդ մկրտեց։ Անկե ի վեր, քու երկրիդ մեջ մահացած, ապրեցար տիեզերքին մեջ։ Եվ մուրճն ոսկեղեն պատմության արձանդ քու քանդակեց։

Այժմ, հավիտենության մեջ, պահապանն ես քաղաքիդ։ Բիբերդ, որ կը հսկեն անոր վրա, խուփ չեն գար բնավ, և գլխուս վրա կը ձգես շուքն հյուրընկալ ձեռքդ երկարած։ Դե՜հ, ո՜վ դյուցազն, հոգիիս մեջ որբունակ հոգիդ պարպե կաթիլկաթիլ մատներեդ։ Թող սիրտս բանաստեղծի արության հետ եղբայրացած Անմահության տա ծնունդ։

Որովհետև գերադույն օրը կը մոտենա․ ժողովուրդս նահատակ, շղթաներն իր փշրած, երակներուն մեջ կզգա բախյունն իր նախնի քաջության։ Վեց դարերն բավ չեղան ցրվելու աճյուններն իր բեղմնավոր, և այս ժամուս առյուծի մը նման ան կոստնու և կը հառաջանա զերդ արշալույս։

Դե՜հ, Արդըվելտ, թող հիշատակդ և հիշատակները իմ նախնիքներուս բարեպաշտ ներշնչեն զիս, և դուն ույժ, որովհետև, կը կրկնեմ, օրը գերագույն կը մոտենա․ պետք է առնեմ սուրս, անցընեմ խթաններս և թամբեմ նժույգս՝ ռունգերով բաբախուն, և մեկնիմ աստվածային Նեմեսիսի մարտին։