Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/400

Այս էջը սրբագրված է

կը խմեք Երիզայի գինին... կենացը (գուցե) բոլոր պանդուխտներուն։ Եվ realiste գեղեցկություն մուներ դարձյալ այն տեսարանը, երբ սիրակարոտ քույրդ ձեռքդ բռնած, արտասվելով, շարունակ կը կրկներ՝ «անուշս»։ Կարծեմ կը տեսնեմ։ ․․․Ողջույն բոլորին՝ Հողին և մարդերուն։

Որչա՜փ ուրախ պիտի ըլլայիք եթե հորս հետ ճամբորդած ըլլայիր։ Գոնե քանի մօր զիս իր քով պիտի կարծեր և հրճվեր։ Գրե՛ դեռ բոլոր տպավորություններդ, մանավանդ Երզնկայի մեջ ունեցածներդ։ Եկող տարի՝ վստահ չեմ, բայց հաջորդ տարի կը տեսնվինք։ Անպատճառ ամբողջ Հայաստանը պետք եմ տեսներ։ Կուզեմ համբուրել բոլոր այն տեղերը, ուր նահատակ մը ինկավ կամ հերոս մը կոխեց։ Մենք այնքան մեծ ենք՝ որքան որ հողեն կը խմենք մեր զգացումները։ Ամեն ինչ հոդ է։ Դեպի մեր պապերուն։ Որ է՝ դեպի աստվածները։ Ա՜խ Դերենիկ, Մեծն Տիգրանի վրա ի՜նչ հոյակապ դյուցազներգություն մը կը գրվի․ բայց չէ կարելի առանց Հայաստանը տեսնելու։ Պետք է տեսնել այն ժայռերը, զոր մեր պապերը կը գործածեին իբրև պարսատիկի քար։ Պետք Է տեսնել այն հաղթ կաղնիները, զոր կը վառեին առանց արմատախիլ ընելու, և անոնց լույսին ներքև նստած իրենց հերոսական հաղթության մեծ տոնը կը տոնեին. պետք է տեսնել ամեն ինչ, ամեն ինչ, զոր դու արդ կը տեսնես. երանի՜ քեզի, Դերենիկդ իմ, հազա՜ր երանի։ Ուրախացի՜ր, սիրտդ բավական ժամանակ պանդխտության մեջ խոցվեցավ։

Լո՞ւր տամ իմ մասին։ Բայց ի՜նչ լուր. Եվրոպայի պես հին եմ և Ասիո պես տխուր։ Իտալիայեն հազիվ դարձա Հյուսիս՝ և ահա մեկեն ագռավ մը սրտիս վրա իր սև թևերը տարածեց։ Քնարն է միակ մխիթարանքս։ Գրեցի «Հառաջաբան» (Արձանը), «Արյան հաղթանակ» և «Հաղթողը», երեք ընդարձակ քերթված քիչ ժամանակվան մեջ։ Գոնե եթե ուրիշ բանի չեմ գար, բանաստեղծություն ընենք. նայինք ճակատագիրը մեզ ո՞ւր կառաջնորդե։ Հազիվ այս դիրքս տպվի՝ պիտի սկսիմ պատրաստել «Գողգոթայի ծաղիկներուս» շարքը, ուր միայն ճշգրիտ կյանքը պիտի վերլուծեմ և երգեմ։ Պ․ Չոպանյանը հույս կուտա, թե Պոլսո մեջ անտիպներս հրատարակել պիտի հաջողցնե