Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/403

Այս էջը սրբագրված է

...Եթե քիչ մըն ալ ինձմով կը հետաքրքրվիս, սկսած եմ հայրենասիրական քերթվածներս կարգի դնել և մանր retouche[1]—ներ ընել։ Մեկենաս մը գտնել կուզեմ։ Հիմա կը հասկնամ, թե որքա՞ն անիծված են գրագետները․ մոր մը աղեգալար երկունքովը կը ծնանին իրենց երկը, իրենց զավակը և տունը զգեստ չունին, որ զայն պճնեն և արևին լույսին՝ դեպի դաշտերը հանեն այդ դաշտերու որդին։ Եթե գրելը վերջիվերջո հիվանդություն չդառնար, շատ գրագետներ գրիչնին փշրած՝ պիտի երթային գինեպան ըլլային։ Թո՞ղ թե վիճակի այդ փոփոխությունը նվազ է, ու միշտ պաշտոննին գինովցնել Է։ Վստահ եղի՞ր, բոզ մը ավելի կը սիրվի ժողովուրդեն, քան թե գրագետ մը, թեպետև ա՞ն ալ կը բոզանա՝ իր երկը հասարակության առջև դնելով։ Ժողովուրդը գրագետ մը չի վարձատրեր. լավ գիտնալով, որ ան, պետքեն զատ, դրամին հարգ չի տար, բայց չի ալ փառքի պսակ նետեր, վասնզի ժողովուրդը գովել չի գիտեր, երբ հիանալու անկարող է...

Ամանորի շնորհավորություններս։ Նոր տարին. ամեն հայու ընտանեկան երդիքները անշեջ աստղերով հովանավորե։

Քույդ
Դ. Վ.


128. <«ԱԶԴԱԿԻ» ԽՄԲԱԳՐՈԻԹՅԱՆԸ>

<15—18 հունվար, 1909, Կանտ>

Ընդունեցա «Ազդակի» 1—2 թիվը և քիչ վերջ Ձեր նամակը՝ գրված ի դիմաց խմբագրության։

Շնորհակալ եմ Ձեր ասպնջականության պատվին։ Չեք սխալվիր, եթե իմ մեջ տեսնեք համակրող մը և ստեպ ալ Ձեզ ուղեկից՝ դեպի մորթազերծված մարդուն երջանկացումը և հայության հաղթանակը։

... Անհրաժեշտ էր որ ազատամիտ երիտասարդությունը փաղանգվեր Գեղեցիկին և Արդարության կռվին համար։ Գեղեցիկ

  1. Սրբագրում,ուղղում