Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/409

Այս էջը սրբագրված է

134. ԳԱՌՆԻԿ ԳԼԸԾՅԱՆԻՆ

8 ապրիլ, 1909, Կանտ

..․Ա՜հ որքա՜ն տրտում էր երգդ, որքա՜ն ազնիվ և գեղեցիկ. օրհնյա՛լ ըլլաս, սիրելի՝ Գառնիկ, — որ գոնե վայրկյան մը պատճառ եղար զիս սա անողորմ իրականութենեն դուրս քաշելու, որ օրորովդ քնացուցիր վիրավոր գիտակցոլթյունս՝ արթնցնելով սրտիս մեջ շատոնց փակված երազանքի և զգացումների աշխարհը, որ եկար տրտմորեն սարսռեցնել զիս, արթնցուցիր ջղերուս ստեղծելու կարողությունը և երգիդ ալիքներուն մեջ զիս իջեցուցիր ծովուն այն լուսապայծառ անդունդը, ուր մարգրիտները կ՝օրրվին և բուստերը լուսեղեն ծաղիկներով հանդարտորեն կը ծաղկին. օրհնյա՜լ ըլլաս, սիրելի՝ Գառնիկ․․․

<Դ. Վարուժան>


135. «ՍԱՍՈԻՆ» ԱՄՍԱԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈԻԹՅԱՆ

16 ապրիլ, 1909, Կանտ

Կը փութամ հայտնելու շնորհակալությունս «Սասուն» ամսաթերթին համար, որուն անդրանիկ թիվեն օրինակ մը ինծի ղրկելու պատիվն ըրած էիք։ Հաճույքով կարդացի․ հավատացեք, որ ճշմարիտ գրականությամբ մը խմբագրված էր ան։ Այդ առաջին թիվը արդնն մեկ կորովի քայլն էր դեպի Ձեր առաջադրած նպատակը։ Կը մաղթեմ որ ոչ մեկ արգելք Ձեզ չկասեցնե Խոսքին հունտը ցանելու համար մեր կույս ցեղին անմահական ծոցին մեջ կամ հնչեցնելու անոր դառնացած հոգիին դյուցազնօրոր Երգը, Երգը, որ քերթողներուն կյանքին նպատակն է, իսկ ազգի մը անմահության միջոցը։

Կրկին շնորհակալությամբ՝ հարգանքներով

Գանիել Վարուժան