Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/410

Այս էջը սրբագրված է

136. «ԱԶԴԱԿԻ» ԽՄԲԱԳՐՈԻԹՅԱՆԸ

<24 — 27 ապրիլ>, 1909, <Կանտ>

«Ազդակի» խմբագրության։

Համիտին փորասողուկ թավալումը ինձի այնքան ուրախություն չպատճառեց, որքան Կիլիկիայի ջարդը ճմլեց աղիքներս։ Ցեղին հոգին արյուն կուլա մեջս, հրդեհված քաղաքներեն եկող ամեն լուր տաք մոխիրի նման կը թափի գլուխիս և սրտիս վրա։ Հինգ դարեր պետք եղան, որպեսզի թուրքերեն մաս մը քաղաքակրթվեր, եվրոպականանար, ինչպես փտած կաթսաները կը կլայեկվին. ո՜վ գիտե դեռ ո՜րչափ հինգ դարեր պետք են և ո՜րչափ հայու արյուն՝ մյուս մեծագույն մասին համար։ Երիտասարդ թուրքերը չեն դադրիր Եվրոպայի հասկցնելե, թե թուրքը ի բնե բարի ժոդովուրդ Է, թե տաք հալերու անխոհեմությունն Է աղետին սկզբնապատճառը — ոճիր — եղած՝ Եվրոպայի հայանպաստ կարծիքին դեմ հակազդելու համար, կարծիք մը, որ արդեն առանց ատո՞ր ալ պոռնկացած է։ Լուրերը այնքան գեշ ազդած են վրաս, որ կը ցավիմ Ատանա չգտնվելուս համար։

Կովկասի հայ — թաթարական ընդհարումները օրինակ մեզ։ Եթե այդ ոճով շարժինք՝ խուժանը ինք պիտի գա մեզ եղբայրություն քարոզելու։ Կռապաշտ է խուժանը․ բոցին առջև միայն կը խոնարհի։ Քանդել և այրելը բարբարոս ժողովուրդի մը համար առաքինություն է․ այդ կարմիր առաքինությունը ունեցող մարդիկ միայն կրնան իրենց պատկառանք ներշնչել։ Երջանիկ ապագան, ժողովուրդներու եղբայրությունը Աշխատանքի սրբարանին առջև, զոր մենք բոլորս կը հուսանք և կը հետապնդենք, ուխտ մըն Է, որ թուրք խուժանին հետ լոկ զենքերու վրա կը կնքվի։

Միթե դեռ հայեր կա՞ն, որ Ձեր ըսած խլուրդի գոյությունը կապրին: Եթե մինչև հիմա ուրիշ ազգ մը մեր կյանքը ապրեր իր մեջ մե՛կ պահպանողական չէր հաշվեր։ Միթե այսքան