Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/411

Այս էջը սրբագրված է

պղնձե և կրակե գարեր չկրցա՞ն ձուլել Գայլ Վահաններու սերունդ մը։ Գնչուները անիշխանական պիտի ըլլային, եթե մեր ճակատագիրը ունենային։ Եվ դե՜ռ հայության ծոցին մեջ «խլուրդի գոյություններ» կան։ Խլուրդ չեն ատոնք, ընկե՜ր, մեր նախնիքներուն դիակներեն տարասերած որդեր են, անարգ որդեր, զոր ադամանդե գարշապարիս տակ ճզմել իսկ պիտի զզվեի։ Ո՜վ ատրաշեկ երկաթով կուրացված հայրենիք, չտեսար, թե ինչպես լուսաբուխ ծիծերուդ վրա կը սեղմեիր աստղապսակ որդիներուդ հետ, որոնք Մասիսեն կիջնեին, այնպի՜սի ճետեր, որոնց սկիզբը թաղված է ա՜յն մորուտներուն մեջ, ուր Վահագն աստվածային Մեղքի վիշապն սպաննեց։

Բայց հայը պիտի ապրի՝ հակառակ դահիճներուն և հակառակ իր առյուծի աչքին տակ բուսած կորեկին։ Հայը պիտի ապրի ժողովուրդներու սիրազոդ շղթային մեկ ոսկի օղակն ըլլալու համար։ Այս է մեր բոլորիս հույսը, հույս մը, զոր մուրճով կռեցինք ինչպես մեր պապերեն մեկուն նիզակը, որ նպատակին կը դիմեր օդին և արևուն մեջ երգելով։

«Չանցնիք այն ճրագն՝ զոր վառեց Աստված», ըսած է Վարպետս իր «»Հայրունիի» մեջ, զոր ես կը հասկնամ այն Աստվածը, որ յուրաքանչյուրիս կամքին մեջ է, այն Աստվածը, որ իր իսկ քնարը զենուզարդեց մարտիկի մը նման, զոր առջի անգամ <իտեալական> պատերազմին կը տանին։

Չանցնիր այն ճրագն, զոր կամքը վառեց:

Դանիել Վարուժան


137. ԼԵՎՈՆ ԷՍԱՃԱՆՅԱՆԻՆ

<Մայիս, 1909, Կանտ>

Սիրելի քնարակից

Լևոն էսաճանյան,

Ձեր նամակը և գիրը ստացա. խորապես շնորհակալ եմ ինծի ըրած ընծայականներուդ։ Ձեր «Այրած քնարը» Արաբիո խանձած բուրումներով բոլորովին տոգորուն էր։ Հայրենի ավերակներեն