Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/412

Այս էջը սրբագրված է

նոր դուրս ելած մարդու կը նմանեիք․ Ձեր քղամիդին ծայրերը այրած էին, և մազերնուդ մեջեն մոխիր կը վտակվեր։ Ընդունեցեք հիացումս. այս բառը մեր ամեն նոր բանաստեղծներուն չեմ համարձակիր ըսելու վայրկյան մը վերջը չզղջալու համար։ Համակրությունը, որ մեջս ծնած Է Ձեզ հանդեպ, «Ազդակի» մեջ կարդացած մեկ քերթվածներեդ կսկսի նախ․ Ձեր տաղանդը ինծի շատ մտերիմ կը թվի․ չգիտեմ ինչու համար—երկու եղբայրներ, որ իրարու չեն նմանիր, բայց եղբայրներ են վերջապես։ Ահա առնչությունը, զոր մեր մեջ կը գտնեմ։ Դեռ Ձեր դիրքը չստացած կուզեի Ձեզի նամակ մը գրել․ մտադրություն մը, որ զբաղումներս չթողուցին որ իրագործվի — նույնիսկ այս նամակովս ալ երկար պիտի ըլլա ամեն ինչ ըսել, որ կը վերաբերի Ձեզի․ մատնանշել, թե տաղանդներուդ. ո՜ր կետերն են (հավատացեք որ շատ են այդ կետերը և տիրական), զոր ես անխառն զմայլանքով կը սիրեմ, հետո Ձեզի դիտել տալ կուզեի արվեստի և մանավանդ լեզվի քանի մը աններդաշնակություններ, որոնք ճիշդ է, Ձեր թռիչքը չեն կասեցներ, բայց շատ մը չքնաղ պատկերներ և իրական զգացումներ կը բծավորեն և մութի մեջ կը թողուն։ Փնտռված և իրական պատկերներ իրարու հետ պետք չէ շփոթել։ Իբրև օրինակ մը, եթե կուզեք՝ ըսեմ, թե Ձեր «Այրած քնարին» 15-րդ տան վերջին տողերը կարծեք թե կը պարունակեն բռնի պատկերներ» իսկ ընդհակառակը (օրինակի համար) հետևյալ տողը որքա՛ն ճշմարիտ է իր ինքնուրույնության մեջ, որքա՜ն թարմ ու գեղեցիկ․

Աղավնի մը կըմպե անոր քարին վրա խո՜ր փորված
«Աստ հանգչիի» գրախորշին մեջ հավաքված ջուրերեն:

Սիրելի քերթող, չկարծեք որ իբր քննադատություն կըսեմ․ Ձեր տաղանդը սաստիկ սիրելուս կը բաղձամ զայն Միքել Անճելոյի մը ձեռքեն ելած մարմարի մը նման անբիծ ու կատարյալ տեսնել։ Պոլսո նոր գրողներուն մեջ հազիվ 3—4 հոգի կա, որոնց բանաստեղծության վրա խոր հավատք ունենամ։ Դուք մեկն եք անոնցմե, որուն ճակտին վրա արևը իր մեկ ճառագայթով «գեղեցկության քուրմ» գրած է. զոհեցեք Ձեր սիրտը