Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/413

Այս էջը սրբագրված է

ժողովուրդին համար․ այդ է սեր պաշտոնը․ մի՜շտ հաջողություն։

Ըլլա՛ Ձեր արվեստին, ըլլա՛ դրական վարդապետություններու մասին, մանրամասն խոսիլ երկար պիտի ըլլա նամակով ու գրեթե անկարելի է։ Այս ամառ շատ կարելի է Պոլիս կուգամ. այն ատեն ինծի քաղցր է Ձեզ գտնել ու ունենալ հետերնեդ կարծիքներու ու ճաշակներու փոխանցում։ Առայժմ այսքանը ըսեմ, թե միշտ անտրամաբան գտած եմ գրական դպրոցներու բաժանումը․ ըստ իս, գեղեցիկը դպրոց չունի. գեղեցկությունը բազմանկյուն հատվածակողմ մըն է․ մեծ արվեստագետին հոգին վերեն ուղղահայաց նայող արևու պես այդ բյուրեղե հատվածակողմին ամեն անկյուններեն շողեր կարձակե։ Եթե գեղեցիկը արտահայտելու տարբեր ձևերուն մեջ կը կայանան գեղարվեստական դպրոցները՝ ես կարծեմ, թե բնության և հոգվույն գեղեցկությունները մեկ կերպով ճշգրտորեն կարտահայտվին — զանոնք նկատել ինչպես որ են: Իրապաշտ գուցե կոչեք զիս․ կընդունիմ․ բայց իրապաշտությունը գեղեցկության հասնելու ամենեն ուղիղ գիծն է։ Իրապաշտության մեջ պետք է փնտռել բոլոր մյուս դպրոցները, որոնք իր ստորաբաժանումներն են լոկ. բնությունը իր խորհրդավորությունները ունի, իր անսանձ մրրիկները ունի, կամ իր միջօրեի արևուն միակտուր խաղաղությունը․ ասոնք փոխնիփոխ նկարելով ինչպես որ են, ի՞նչպես որ մեր հոգիին վրա փոխնիփոխ կը ցոլան, մենք փոխնիփոխ կըլլանք խորհրդապաշտ, րոմանդիկ, դասական․ հետևաբար գեղեցկությունը անթերի արտադրելու համար ես պիտի սիրեի տալ այս բոլորը միանգամայն, բնությունը՝ ինչ որ է և ինչպես որ է, մեկ քերթվածի, մեկ տունի, նույնիսկ մեկ տողի մեջ մերթ ըլլալով, միևնույն անգամ, դասական և խորհրդապաշտ, րոմանդիկ և գաղափարապաշտ։

Ահա թե ինչո՞ւ համար իրապաշտությունը հատուկ դպրոց մը ընդունիլը ծիծաղելի կը թվի ինծի․ իսկ զայն չընդունիլը, ընդունելով միայն իր ստորաբաժանումները՝ արվեստի սեղմում, չունչի դյուրանվաղում։ Երկարեցի նամակս․ բայց զայն վերջացնելե առաջ պարտք կը համարեմ շնորհակալ ըլլալու Ձեզ