Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/426

Այս էջը սրբագրված է

152. ՍԱՀԱԿ-ՄԵՍՐՈՊԻՆ

5 մայիս, 1910, Սեբաստիա

Սիրելի եղբայրակից,

Ընդունած եմ նամակդ: Խորապես շնորհակալ եմ գնահատական տողերուդ։ Բանաստեղծի մը կողմե ջատագովվիլը ինծի համար մեծ նշանակություն ունի, քան թե մեկե մը։ Եթե նկատի առնես մեծ վարդապետները՝ Ալիշանեն մինչև Մետեխու կալանավորը, պիտի տեսնես, որ իմ լարերս սեգերուն պես են, որ շուտով պիտի խամրին օր մը մատերուս ներքև։ Այնուհանդերձ մաղթանքներդ ապարդյուն պիտի չհանեմ և հավատարիմ պիտի մնամ Մուսային, որ Ոլիմպոսի հրեղեն կատարներեն չէ որ կուգա, այլ այն խոնարհ բլրակներեն, ուր աղբյուրներու քով օրորանս օրորվեցավ։ Շատ շուտ՝ մեր մեծ գործը պիտի ըլլա արդի պոլսահայ բանաստեղծությունը իր անջիղ և անարյուն կյանքեն թոթափել, և քիչ մը կենդանություն ներարկել անոր երակներուն մեջ մեր իսկ սրտեն։ Այդ գործին ատակ ուրախ եմ տեսնել քեզ ևս, և կը մաղթեմ ավելի սպառազինվիլ գավառի երիտասարդ բնութենեն և մարդերեն՝ հնչեցնելու համար միահամուռ առողջ երգը, շեփորումը Արվեստին հաղթանակին, որ հաղթանակը կրնա ըլլալ նաև ժողովուրդին սրբատաշ նկարագրին։

Ներեցեք, որ երկար պիտի չկրնամ գրել։

Ես ջերմորեն և կրկին շնորհակալ եմ այն շատ մտերիմ, շատ տաք և սրտե թելադրված նամակին, որ ինծի հաստատ հավատացուց, որ քնարակից բարեկամ մը շահեր եմ։

«Գավառի<ն> տարեցույցին» համար կը ներփակեմ քերթված մը, նոր շատ բան մը գրած չըլլալով հանդերձ։

Ընդունե սիրալիր բարևներս։

Դ. Վարուժան