Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/427

Այս էջը սրբագրված է

153. ԱՐԱՔՍԻ ԹԱՇՃՅԱՆԻՆ

<7—17 մայիս, 1910, Սեբաստիա>

Սիրելի օրիորդ,

Խորհելով, որ դու ճնշման տակ հրաժարեր ես ինձմե, ես միշտ կըսեմ, թե քեզ ընդմիշտ կը սիրեմ, վասնզի սիրտիս վրա ամբողջ տիեզերքը և Աստված ինք չկրնար ճնշել։ Արդ քեզ սիրելս իմ սրտիս գաղտնիքն է այժմ, ոչ ոք իրավունք ունի այլևս ձեռք երկարելու ատոր և քննելու։ Միայն կըսեմ քու անձիդ մասին և միշտ ալ ըսեր եմ, որ դու ազատ ես սիրել կամ չսիրել զիս։ Այժմ, որ չես սիրեր, ես քեզ հանդարտ կը ձգեմ ընդմիշտ և ոևէ կերպով այլևս իրավունք չունիմ հետապնդել քու սերդ ասկե վերջ։ Մնաս բարով. սերը զույգ մը ծաղիկ է, դու քուկդ խամրեցիր, ես իմս կը ծածկեմ վհին մեջ սրտիս։

Դ. Վարուժան


154. ԱՐԱՔՍԻ ԹԱՇՃՅԱՆԻՆ

14 հուլիս, 1910, աստ

Իմ հզոր և քաղցր Արաքսի,

Այսօր նամակդ ստացա։ Եվ համոզվեցա, որ դու չես փոխված և այդպես հեղհեղուկ մտքի տեր մեկը չես։

Այս քանի մը օրս դժոխային տառապանքներ կրած եմ, երբ ուզեցին ինծի համոզել, թե արդեն Արաքսին խոսակցություններ ունեցած է ծանոթ պարոնին հետ և իր խոսքը տված։ Վերջապես նամակդ եկավ վերջ դնել թե՛ զրպարտություններուն և թե այն վերքին, որ սրտիս մեջ ժամե ժամ կը լայննար։ Նամակդ որքան սիրով զեղուն, այնքան էլ հուսահատական էր։ Չէ՛, սիրելիս, պետք չես վհատիր — ուժեղ բռնե սիրտդ և կամքդ։ Ես արդեն կը գործեմ կոր, հանգիստ եղիր։ Վալիին դիմելը սխալ միջոց մըն է։ Այն պաշտոնական մարդ մը, որքան որ իրավ զիս կը սիրե, սակայն թե՛ իր միջամտությունը մեզի