Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/428

Այս էջը սրբագրված է

անպատվաբեր կըլլա և թե մեծ արդյունք մըն ալ չունենար։ Միակ միչոցը սկսած ենք ծրագրել, միայն թե դու քու ինկած դերիդ մեջ անվեհեր, քաշ, ճարտար և պաղարյուն գտնվիս։

Այդ միակ միջոցն է փախուստը, մյուս բոլոր օրինական միջոցները ի դերև ելած են հորդ քով ու քու մոտավոր ազգականներուդ քով, որ քեզ ուզած են այդ երիտասարդին տալով՝ շահեր ապահովել։ Նախ ըսե․ 1) հավա՞ն ես փախչելու, միջոցներ ունի՞ս։ Կիմանանք, որ ձեր պարտեզեն դուռ մը ունիք, որ փողոցին վրա կը բացվի. գիշեր մը (հետո ժամը կորոշենք), այդ տեղ կրնա՞ս գալ և սպասել, որ քեզ մեկը (ես կամ ուրիշ մը) փոխադրե կառքի մը մեջ, և մենք կերթանք արդեն՝ ուր որ ծրագրված է և հոն կը պսակվինք։ Ահա միակ միջոցը․ ամեն ինչ անօգուտ է ասկե զատ, զի ծնողքդ ողորմելի խորհողներ են, մեր ոճրագործները և ուրիշներուն շահերուն գործիչները, որոնք կարծես քեզ երգվեր են ծախել։ Խորհե, վճռե. իմ կողմես ջանքեր չի խնայվիր գործը լավ կազմակերպելու համար։ Նամակներդ, մանավանդ այս վերջինդ, որոշ ըլլա և ամենայն ապաճովությամք ինծի ղրկվի։ Այժմ այսչափ։ Համբուրելով արցունքոտ աչքերդ, համբուրելով սիրտդ, որ ինծի համար համայն տիեզերքին արևն է և մի այն ոմանց համար չնչին ծախու քսակ մը։ Հաղթանակը մերն է, զինվե ամբողջ ջղերովդ միշտ քուկդ

Դ. Վարուժան


155. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

<14> 27 հուլիս, 1910, Սվազ

Սիրելի Հայր,

(Արիստ. վարդապետ Քասգանտիլյան)

Անշուշտ պիտի սպասեիք, որ գավառեն գրած այս առաջին նամակս բարեկամական ըլլար սոսկ։ Առայժմ զայդ ուրիշ լայն ժամանակի մը կը վերապահեմ։ Կը գրեմ Ձեզ իբրև տեսուչի մը և կընեմ խնդրանք մը, զոր կը հուսամ չեք մերժեր։