Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/429

Այս էջը սրբագրված է

Այստեղ կա պատանի մը` Հովհ. Սլիկյան, որուն մայրը բրգնիկցի և հայրը սեբաստացի, ինք 17 տարեկան. ինք շատ կը բաղձա և, ծնողքն ալ խիստ թախանձեցին, որ Ձեզ գրեմ ու խնդրեմ, որ ան վարժարանիդ մեջ ընդունվի իբրև աշակերտ ձրիավարժներուն շարքին մեջ։ Տղուն ծնողքը աղքատիկ են և չեն կրնար դրամով տալ անոր այն ամուր ու առողջ զարգացումը, որուն արժեքը լիովին ըմբռնած են։ Տղան արդեն իր տարիքին պատշաճ կրթություն մը ստացած է, և Ձեզ կը վստահեցնեմ, որ ան ուսանելու կարողությունը և դաստիարակվելու դյուրաթեքությունը ունի և կրնա քիչ ատենեն զՁեզ զոհ թողուլ։

Ես խիստ ուրախ պիտի ըլլամ, ինչպես նաև պատանին և իր ծնողքը, եթե Մխիթարի օրորանին եղած այս բարենպատակ առաջարկը չմերժվի։

Մնամ հարգալիր բարևներով
Ձեր խոնարհ ձեռնասուն
Դ. Վարուժան


156. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

<27/9 օգոստոս>, 1910, Սվազ

Սիրելի Հայր,

(Արիստ․ վարդապետ Քասգանտիլյան),

Ասկե առաջ Ձեզի նամակ մը դրած ու խնդրած Էի, որ պ. Հովհաննես Սլիկյան երիտասարդը ընդունվի Քաղկեդոնի Մխիթարյան վարժարանին մեջ՝ ի շարս ձրիավարժ աշակերտներ բուն։ Ինչպես նախապես ըսած էի, երիտասարդը հանձնարարելի է թե՛ իր բարքով և թե իր ուսանելու կարողությամբ և տենչերով․ կը կրկնեմ նույնը և կը խնդրեմ այս մասին վստահ ըլլաք և գրեք Ձեր նպաստավոր պատասխանը, որուն անհամբեր կսպասենք։

Մեծ հույսով և անջնջելի հարգանքներով Ձերդ խոնարհ

Դ. Վարուժան