Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/432

Այս էջը սրբագրված է

կարդալով՝ խիստ ուրախացած եմ։ Շարունակե միշտ․ հաջող գրիչ մը ունենալու ամեն ձիրք կը տեսնեմ վրադ։

Սեբաստիո մեջ տեսուչ չեմ, այլ ուսուցիչ։ Տեսչության պաշտոնը, որքան որ մեկե ավելի անգամներ առաջարկված է, սակայն ինչ-ինչ փափուկ խնդիրներու համար չեմ ուզած ստանձնել։ Առանց ատոր ալ թոշակս գոհացուցիչ է և աշխատանքս թեթև։ Այս տարվո շրջանին ալ հոս պայմանավորվեցա հավելումով մը՝ հետևաբար կը ցավիմ ըսելու, թե այդօրինակ պաշտոն մը այժմ պիտի չկրնամ ստանձնել Երզնկայի մեջ։

Կուզե՞ս կարևոր լուր մը իմ մասին։ Շաբաթ մառաջ ամուսնացած և արդ մեղրալուսինիս մեջ է, որ քեզի կը գրեմ։ Օրիորդը, որ արդ ուրախ եմ ըսելու որ կինս է, գավառացիի համեստության հետ ունի եվրոպական նուրբ գեղեցկություն և գրական զարգացում։ Կարող է գոհացնել բանաստեղծի երազս։ Ամուսնությունս եղավ հանկարծակի, սիրային ողբերգութենե մը վերջ, որ գրեթե տարի մը տևեց։ Կատարյալ վեպ մըն զոր ապրեցա Սվազի մեջ՝ անցնելով ես և նե, խիստ վտանգալից, տռամաթիկ և իր մանրամասնություններուն մեջ շատ վսեմ փուլերե, որոնց ես տակավին վեպերու մեջ հանդիպած էի միայն։ Տիկինը, որ Արաքսի կը կոչվի, այժմ կապված Է ճակատագրիս հետ, այդ ճակատագրին երջանկացման համար անշուշտ պիտի բերես, սիրելի նշան, քու եղբոր մը մաղթանքներդ։ Սույն լուրը հաղորդե նաև Դերենիկին․ և եթե գիտես և կը հաճիս՝ տուր ինծի անոր հասցեն, և ես անշուշտ կը գրեմ։

Այս տարի թեպետև գրական շատ կտորներ չարտադրեցի, սակայն գրած եմ ուժեղ դյուցազնավեպ մը պատմական դրվագի մը վրա, որ հուսամ, թե պիտի գնահատվի։

Չմոռնաս հիշելու բարևներս հարգելի հայրիկիդ և մայրիկիղ, քրոջդ և եղբայրներուդ, որոնք բոլորն ալ սիրելի են ինծի, քանի որ քեզ պես ազնիվ արյուն մը կը կրեն։

Մնամ սիրալիր բարևներով

Դ. Վարուժան