Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/436

Այս էջը սրբագրված է

լավ է կարդաք հելլեն և հռովմեական դասականները և հետո Եվրոպայի գրականության կոթողները, որոնք սատար պիտի ըլլան Ձեր մեջ թաքնված ոսկվո հանքերը բանալուն, ուր հուսամ և կը մաղթեմ, որ ադամանդներ ևս ըլլան։

Չմոռնամ շնորհակալությունս հայտնելու իմ կարծիքս Հարցնելու Ձեր ըրած պատիվին համար։ Ընդունեցեք սիրալիր բարևներս Ձեզ և Ձեր Մուսային։

Դանիել Վարաժան


163. ՍԱՀԱԿ-ՄԵՍՐՈՊԻՆ

24 հոկտեմբեր, 1910, Սվազ

Սիրելի եղբայրակից,

Նամակդ ընդունեցա։ Հոս՝ Սվազը, այնքան նյութով շաղախված է, այնքան գռեհկացած է, որ անցքդ ասկե տեսակ մը հոգեկան հաճույք պատճառեց ինծի, և սիրեցի հոգեպաշտ մտածումները, վասնզի դու որքան նյութապաշտ-իրապաշտ մը նկատած ես զիս, սակայն ավելի նյութը կը սիրեմ՝ զայն ազնվացնելու համար լոկ, զայն հոգիիս մաղեն և շեչաքարեն անցնելու և զտելու համար միայն։

Ամուսնությանս մասին գուշակություններդ և ենթադրություններդ արդեն կատարված են։ Նարոտը կապեցի գլուխիս, սակայն ազատ են թռիչներս։ Ես իբրև իրապաշտ սիրեցի բնականոն և ընտանեկան կյանքը և նախընտրեցի զայն ամուրիի անրջական խարխափանքներեն։ Բոլոր ֆիզիքական և հոգեկան պահանջները մարդուն ես կարծեմ պետք են գոհացած ըլլալ, որ այդ մարդը իբրև արվեստագետ ազատ զգա զինքը իր անձնականին վերաբերող կեդրոնաձիգ պետքերեն և ձգողություններեն՝ ինքզինք ավելի հանդարտ մտքով նվիրելու համար գեղեցկին յոթնասյուն խորանին։

Ես պոլսահայ գրականության վրա հավատք չունիմ, ու կան կարգ մը գրողներ, որ մինչ ցայսօր Պառնաս կը բարձրացվին, և եթե ինծի հարցնեք՝ Տոլապ Տերեսիի ձորեն իսկ վար