Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/437

Այս էջը սրբագրված է

պետք էին նետվիլ։ Ասոնց տողերուն դատարկությունը կատարյալ սարսափ կազդե ինծի։ Փարիզյան գրականության ծաղրանկարներովը բավական լեցուցին թերթը պոլսական լրագիրներուն, որոնց հետ իրենց արտադրություններն ալ ծախվեցան շիտակ-ճամբուն վրա հինգ փարայի՝ թերթավաճառ լաճերեն։

Գրախոսականդ կարդացի։ Գնահատումիդ մեջ ծայրահեղ ես։ Ներե՞մ այդ հանցանքդ։ Սակայն վերջապես հոգևին շնորհակալ եմ այն ժամանակին համար, զոր «Ցեղին սրտին» վրա ծռած անցուցիր։

«Փնտռտուքը ի՞նչպես գրեմ, երբ այլևս գտած եմ զայն, «գտնվածը», եթե հանձնարարեիր՝ գուցե Մուսան բարի նայվածք մը նետեր լարերուս, որոնց վրա ժամանակ մըն է խուցիս փոշին բորբոսի պես նստեր է։

Նվերիդ շնորհակալ եմ․ զայն կերա և մեջս փոխվեցավ գաղափարի՝ քու ըսածիդ համեմատ. եթե երբեք ամեն կերված բաներ մեր մեջ գաղափարի պիտի փոխվին, մեր կարգ մը լրագրողներուն թերթերը ամենեն գաղափարալից պետք են ըլլալ, քանի որ շատ կուտեն անոնք chantage-ի զգալով և բնական պատառաքաղով։

Մայրիկս շատ ցավեցավ չկրնալ տեսնելու համար զքեզ, սիրելի քերթող, զի այդպես կը խորհեր, թե իր փիլաֆն ուտելով՝ իր տանտիկնության հարգը բարձրացուցած պիտի ըլլայիր։

Վերջապես խոստումնիս համեմատ նամակիս մեջ պիտի դնեի անկե գդալ մը բան, եթե մեր պապերուն մագաղաթը դեռ գործածեին և եթե — հավատացիր ըսածիս — իմ գրածներս անկե նվազ բան մը ըլլային։

Քույդ սիրով
Դ. Վարուժան


164. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

27 նոյեմբ․, 1910, Սվազ

Մեծ<արգո> տիար

Գարեգին Լևոնյան,