Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/440

Այս էջը սրբագրված է

իտալական վրձինին հրաշագործությունները։ Կը ներփակեմ քերթված մը, և կը մաղթեմ, որ անիկա երկրորդ թիվին արժանանա՝ արդեն առաջինը հրատարակված ըլլալով և շնորհավորելի։ Ես այստեղ 10-ի չափ բաժանորդ կը գտնեմ՝ առանց խոստանալու, վասնզի միջավայրը ապերախտ է գրականության հանդեպ։

Ուսուցչի պաշտոնս կը շարունակեմ։ Ամառը շատ հավանական է Պոլիս երթամ։ Հոս ասպարեզ չիկա, մինչդեռ տանը՝ հոգը ամբողջ վրաս ծանրացած է։ Հայրս չունի, ու ես քիչ ժամանակեն կունենամ արյունի ծաղիկ մը։ Ահա քեզի բանաստեղծություն, գլուխս քերթողական արշալույսին մեջ թաթխված է, մինչդեռ մինչև մեջքս ընկղմած եմ իրական կյանքի հոգերուն ճահճին մեջ։

Մնաս բարով, ազնիվդ իմ, մեկ ըսեմ՝ տասն Հասկցիր, տասն ըսե՝ մեկ հասկնամ, զի ծարավ եմ ես քեզմով։

Միշտ սրտիդ եղբայրը
Դ. Վարուժան


168. <«ՀՈՂ—ԴԱՐԻ» ԽՄԲԱԳՐՈԻԹՅԱՆ>

<25—30 մարտ, 1911, Սեբաստիա>

<Հող—Դարի» կը հանձնարարեմ այս քերթվածը, զոր խպնոտ ձեռքով մը ինծի ներկայացուր նորընծա քերթողը։ Մասուրի վարդ մը, որ բուրաստանի մը զարդը պիտի ըլլա արվեստի պատվաստումով։ Բնածին տաղանդի մը հեռանկարը կա հոն։ Այժմեն իսկ կարժե կարդալ զայն, եթե կուզեք ավելին ըսեմ՝ կարժե նվագել լուսնին տակ, սազի վրա։

Դ. Վարուժան


169. ԴԵՐԵՆԻԿ ՃԻՋՄԵՃՅԱՆԻՆ

5 ապրիլ, 1911, Սվազ

Իմս Դերենիկ,

Կարճ պիտի գրեմ․ նամակդ ստացա, «Աստղիկներեն» երկու թիվ ալ։ Ապրի՜ս, սքանչեչի։ Կը շնորհավորեմ, միշտ