Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/442

Այս էջը սրբագրված է

որ արդարացնեք իբրե գրչի եղբայր մը, որ նույն ճակատագիրն ունի։ Չէ՞ որ կարևոր պահանջ մըն է՝ քերթողներու նյութական ազատագրումն ալ իր իսկ աստիճանին մեջ․ առ այս ներողությո՜ւն։

Կը պատասխանեմ Ձեր հարցարանին.

1․ Ծնած եմ 1884-ին։ Բրգնիկ ուռինազարդ գյուղին մեջ։ Հայրս կամավոր որբ մըրած է մանկությունս՝ պանդխտելով Պոլիս, և իմ նորածին գիտակցությունս մելամաղձիկ բողբոջում մը ունեցած է դաշտերուն և հովերուն մեջ թափառելով և լսելով դիվային հեքիաթներ ձմրան իրիկունները թոնիրին շուրթը։ 1896-ին, կոտորածի օրերուն, մորս հետ գացած ենք Պոլիս։ Հոն նախ հաճախած եմ Սագըզ Աղաճի Մխիթարյան դպրոցը, հետո Քաղկեդոնի համանուն վարժարանը։ Հոն ճանչցած եմ Դուրյանի գործը և ազդված Մոտայի ծովակեն։ Արձակուրդի օրերուն Խավյար խանի մեջ, ուր հայրս ծառայած է, կենակցած եմ հայ պանդուխտներու հետ և արտասված անոնց վիճակին վրա։ Այդ շրջանին բանաստեղծությունը ծլարձակած է մեջս, և կը հիշեմ ցույց տված ըլլալ մերթ տրտում ու մերթ ջղագրգիռ խառնվածք մը: Առաջին երգերս սեր եղած են․ քաջալերված և սրբագրված Քաղկեդոնի տեսուչես՝ Հայր՝ Արիստ Քասգանտիլյանե․ այդ երգերը մինչ ցարդ կը պահվին թուղթերուս մեջ՝ դալկացած, անարև բույսերու պես։

1902-ին կը ղրկվիմ Վենետիկ՝ Մուրատ-Ռափայելյան։ Ալիշանի աճյունները դեռ թարմ էին. կը համբուրեմ զանոնք և կը կարդամ իր գործը։ Հոն կը սիրեմ նկարչությունը՝ առանց վրձին գործածել գիտնալու։ Կզգամ, թե Վենետիկը կը գունագեղե հոգիս. հոն առանց պատկերի անկարելի կըլլա ինծի խորհիլն իսկ։ Արվեստս փրկված է։ 1905-ին զիս Պելճիքա՝ Կանտ գործավորական քաղաքը կուղարկին։ Կը նվիրվիմ ժամանակ մը քերթողությանս՝ վնասելու աստիճան համալսարանի քաղաքական և տնտեսական գիտություններու ճյուղին։ Օսմ․ սահմանադրության երկրորդ տարին լիսանսիեի վկայականով կը վերադառնամ Վենետիկ, ուր Ալիշանի շիրմին վրա իբրև երախտագիտություն կը զետեղեմ պսակ մը՝ ջուրի և հողի ծաղիկներով հյուսված և լուսնի ու մատաղ քերթողին