Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/452

Այս էջը սրբագրված է

<Թարգմանություն>

17 հունիս, 1912. Թոգաթ

Իմ սիրելի Պիեր Մանս,

Նամակդ արդեն ստացել եմ։ Լուրերը, որ հաղորդել ես մեր սէրելի Գենտ քաղաքի և մեր բարեկամների մասին, ինձ անչափ ուրախացրին։

Ինչպես տեսնում ես, ես տեղափոխվել եմ Թոգաթ, մի շատ գեղեցիկ փոքրիկ քաղաք՝ շրջապատված խաղողի և պտղատու այգիներով։ Գինին այստեղ առատ է․ ես հաճախ եմ բարձրացնում դասական հեղուկով լի գավաթս և պարպում՝ երիտասարդության, մուսաների և Բելգիայում ապրող բարեկամներիս, կենացը։

Ես այստեղ ուսուցիչ եմ և ամսական շահում եմ 8 թուրքական լիրա։ Կարծում եմ դա բավական է, որ Արևելքում ես հարուստ համարվեմ։

Սիրելի Պիեր, արդեն երկու տարի է ամուսնացել եմ։ Կնոջս անունը Արաքսիա է, մի գեղեցիկ խարտիշուհի, որին սիրահարվել էի ռոմանտիկ սիրով։ Արդեն նույնիսկ մի տարեկան աղջնակ ունեմ, որն օժտված է վաղահաս խելքով։ Նա արդեն կարողանում է հայրիկ ասել, և այդ բառը ինձ լցնում է մի անպատմելի ուրախությամբ։ Ես նրան արդեն մի բանաստեղծություն եմ ձոնել՝ «Վարուժնակիս» խորագրով, որը նրա կնքանունն է, այդ հրեշտակի կնքանունը, որին ամբողջ սրտով պաշտում եմ։

Կարծում եմ արդեն գիտես, որ հրատարակել եմ քերթվածների մի գիրք՝ «Ցեղին սիրտը» խորագրով։ Թույլ տուր ասեմ, որ այդ գիրքը մեծ ճանաչում գտավ։ Հասարակությունը և գրողները շահեկան կարծիք են արտահայտել իմ արվեստի մասին։ Մի քանի ամսից կհրատարակեմ մի ուրիշ հատոր՝ «Հեթանոս երգեր»—ը։ Այս վերջին հրատարակության ծախսերը հոգալու է մի ռուսաստանցի հարուստ հայ, որը, ըստ ինձ հասած տեղեկությունների, բավական ուսյալ անձնավորություն որովհետև ինքս անձամբ նրան չեմ ճանաչում։ <Հիանալի է,>