Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/457

Այս էջը սրբագրված է

չափ արժեք ունի, և արվեստը ճիգ մըն է։ ․․․Եվ աշխատեցեք ավելի նոր և ավելի ինքնատիպ ըլլալ. — Ամեն ինչ մի կարդաք։ Որոճացեք մեծ տաղանդներու վրա միայն, որոնց շունչը լոկ կարող է մեզ բարձրացնել։

Ընդունեցեք մաղթանքներս Ձեր հաջողութեան

Դանիել Վարուժան

Գ․ Ե․ — Խորունկ և անկեղծ ցավակցություններս Ձեր աջխարհարժեք կորուստին համար։


188. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

9 հուլիս, 1913, Պոլիս

Սիրելի բարեկամ պր․ Գ․ Լևոնյան,

Շնորհակալությամբ ստացա «Գեղարվեստի» երկու թիվերը՝ միշտ սիրուն, միշտ կուռ ու ճաշակավոր։ Հաջողությո՜ւն։ Ձեր քարտը կրկնապես ուրախացուր զիս։ Ձեր մտադրած գրությունը «Նավասարդին» համար երբեք ուշ չէ՝ եթե այսուհետև չուշացնեք։ «Տարեգրքին» ամենեն հարմար և այժմեական կտորը ըլլալու սահմանվածը այդ նյութը, զոր ընտրած եք։

«Ո՛վ Լալագեին» դեմ աղմկողներուն թիվեն ավելի հիացողները եղան՝ իբրե ձևի և խորքի հաջող արտադրություն, այնպես որ մինչև այսօր զղջացած չեմ գրած ըլլալուս վրա։

Սիրունին փոխադարձ բարևներ ունի և Ձեր գրչին ու գործին վրա կը տածե ամենախորունկ համակրություն և հիացում։

Սպասելով Ձեր գրության

Մնամ միշտ Ձերդ
           Դ. Վարուժան