Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/459

Այս էջը սրբագրված է

186. ՍԻՄՈՆ ԵՐԵՄՅԱՆԻՆ

<Սեպտեմբեր-հոկտեմբեր, 1913, Կ. Պոլիս>

Ստացա անհուն ուրախությամբ Ձեր նվերը՝ «Պատկերները»։ Ջերմագին շնորհակալությունս։ Կան շատ սիրուն և գունագեղ էջեր։ Տպագրությունը գուցե Վանքը սնանկացնե, բայց գրականությունը կը հարստացնել Զգեստը հարմար էր մարմինին․ կը շնորհավորեմ։

Դանիել Վարուժան


187. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

<Սեպտ.> 26/9 հոկտ., 1913, <Պոլիս>

Սիրելի բարեկամ,

«Արձակ բանաստեղծություն» ֆրանսերեն հատորնիդ ստացա և խորին ուշադրությամբ կարդացի։ Անոնցմե մաս մը թեպետև անծանոթ չէին ինծի համար, սակայն ֆրանսերեն լեզվով՝ տարբեր հրապույրով մը կը ներկայանային մտքիս։ Ցեղին գոհարներուն հետ, երբ Գերիններն ալ երբեմն միացուցած՝ կը զարդարեր համամարդկային քաղաքակրթության ծիրանիին մեկ մասը՝ կատարած կըլլաք ամբողջ ազգին հարգանքին ու երախտիքին արժանի գործ մը։ Այս տեսակետով Ձեր ուղղությունն ու գործունեության սկիզբեն ի վեր ամենեն գովելին, խրոխտը և ազնվականը եղավ, որուն համար անգամ մը ևս կուգամ հիացումս հայտնել և ուղարկել շնորհակալությունս Ձեր այդ վերջի հատորին ընծայման համար։

Կը կցեմ նամակիս անկեղծ ու լայն խանդաղատանքս Ձեզ հանդեպ։

Միշտ սիրով
Դ. Վարուժան