Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/464

Այս էջը սրբագրված է

տալ իմ անհատական ցավերուս, գրեթե բռնի լռեցու իմ սիրտս ու նախընտրեցի երգել Ցեղին սիրտը, որուն բախյուններն կզգայի իմ մեջս, իմ սեփական արյունիս խորը։ Հայությունը կուլար և կը մռնչեր իմ մեջս, և երգերս դուրս կուգային՝ օտար երկնքի տակ՝ կարոտի լարովը միայն կապված մեր երկրի հողին և մարդուն հետ։

Սակայն տեսած էի Եվրոպան։ Օգտվելով տեղվույն հսկա գրադարանեն՝ կարդացեր էի հնդիկներեն մինչև Հոմեր և Հոմերեն մինչև Մեթերլինկ։ Հոգիիս վրա բոցի մը լեզվին պետ զգացած էի բանվորներուն աղաղակները մեկ կողմեն. ու մյուս կողմեն՝ շվայտ ու արբեցող կյանքը, իզուր թաքնվող բոզացումները բարոյիկ համարված փարթամ ընտանիքնեբուն։ Եվ ահա ասոնք բոլորր՝ ստորագծված հիշողությանս մեջ և միացուցած հին հունական ու հռոմեական կյանքին վերհիշումներուն, հանգեցա գրել, երբ որ Երկիր, իմ գյուղս վերադարձա, «Հեթանոս երդերը»։

Օսմանեան սահմանադրության երկրորդ տարին՝ 1909—ին էր, որ ես անցա հայրենիք։ Երկու տարի ուսուցշություն ըրի Սեբաստիո ազգային Արամյան վարժարանը և բնակեցա իմ գյուղս՝ Բրգնիկ։ Սիրեցի հոն սեբաստացի հայուհի մը, որ հետո իմ կինս եղավ և ինծի տվավ երկու զավակ՝ Վարուժնակ ու Արմեն։ Երրորդ տարին (1911—1912) անցա Եվդոկիա (Թոքաթ) դարձյալ ուսուցչական պաշտոնով։ Գավառի երեք տարվան կյանքս ջղայնացնող պայքարում մը եղավ ընդդեմ նախապաշարումներու, ժողովրդական տգիտության և կուսակցական խոլություններու։ Սակայն, ստիպված նյութական դժվարություններե, զոր բազմանդամ ընտանիք մը կը պարտավորե վրաս, ահա երկու տարի է, որ Պոլիս անցած եմ և կը վարեմ վարժարանի մը տեսչությունը։

Այժմ կը գրեմ «Հացի երգը», որ հուսամ տարիե մը լույս կը տեսնե. այդ հատորին մեջ երգված պիտի ըլլան հայրենի հողը, մշակներու աշխատությունը և գյուղական կյանքի խաղաղ մեծությունները։

Հաճելի է ինծի միշտ լարերս փոխել և վերանորոգվիլ արվեստիս մեջ, և եթե մուսաները չլքեն զիս՝ դեռ պիտի կրնամ