Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/471

Այս էջը սրբագրված է

Այս հատորով ավարտվում է Դանիել Վարուժանի Երկերի լիակատար ժողովածուի գիտական հրատարակությունը: Եզրափակիչ հատորն ամփոփում է բանաստեղծի գրական ժառանգաթյան հետևյալ բաժինները՝

1. Արձակ էջեր
2. Հոդվածներ և ելույթներ
3. Նամակներ

ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, նկատի առնելով Գոհար Ազնավուրյանի վաստակը մասնավորսւպես Վարուժանի նամակագրական հավաքման ու հրատարակության գործում, պատվիրել էր նրան պատրաստել և ծանոթագրել նամակների բնագրերը: Սակայն բանասերի մահը խանգարեց ամբողջացնելու այդ աշխատանքը: Այդ իսկ պատճառով Ա. Շարուրյանին հանձնարարվեց ավարտի հասցնել գործը: Վերջինս խմբագրական ընդհանուր աշխատանքից բացի, հայթայթել է հինգ նամակի (տե՛ս №№ 126, 134, 171, 184 և 189) բնագիր, ճշգրտել ծանոթագրությունները և կատարել լրացումներ, որոնց ընդհանուր ծավալն անցնում է 2,5 մամուլից: Ա. Շարուրյանն է կազմել նաև Վարուժանի չպահպանված կամ մեզ չհասած նամակների բաժինը և ծանոթագրել բոլոր մյուս բնագրերը: Մնացյալ հայերեն բնագրերը հրատարակության է պատրաստել Իրիտա Վարժապետյանը: Պիեո Մաեսին գրած նամակների ֆրանսերեն բնագրերը պատրաստել ու հայերեն է թարգմանել Անահիտ Դաշտենցը, իսկ ֆրանսերեն մյուս նամակներինը՝ Գոհար Կարագյոզյանը: Աքսորավայրից հղած Վարուժանի օսմաներեն հեռագրերի բնագրերը պատրաստել ու թարգմանել են թրքագետներ Խաչիկ Ամիրյանն ու Ավետիս Փափազյանը: