Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/472

Այս էջը սրբագրված է

Դանիել Վարուժանի Երկերի լիակատար ժողովածուի երրորդ հատորը պատրաստված է բնագրագիտական նույն սկզբունքներով, ինչ նախորդ հատորները։ Այդուհանդերձ, ելնելով ընդգրկված նյութերի բնույթից, ուզում ենք ուշադրություն հրավիրել մի քանի պարագաների վրա.

ա. Երկու նյութ, որոնք տեղ էին գտել 1965 թ. հրատարակված «Նամականի» ժողովածուում, չեն դիտված նամակներ և դուրս են թողնվել այդ բաժնեք։ Դրանցից մեկը «Ծաղկեփունջ կամ Բրգնիկցիի մը նվագները» բանաստեղծությունների ժողովածուին կցված Սահակ Հաճյանին ձոնված ուղերձն է, մյուսը՝ «Կծու խոսքեր» նամակատիպ հոդվածը։ Առաջինը զետեղվտծ է ներկա հրատարակության առաջին հատորի ծանոթագրությունների, երկրորգը՝ այս հատորի «Հոդվածներ և ելույթներ» բաժնում։ Թեոդիկին հղած Վարուժանի 1909 թ. հունվարի 9-ի և 1910 թ. սեպտեմբերի 3-ի նամակները, որոնցից երկուական հատված զատ-զատ հրատարակվել են տարբեր ժամանակներում, «Նամականիում» ներկայացվել են որպես չորս միավոր (№№ 108—109, 128—129)։ Այս հրատարակության մեջ դրանք միացված են և համարված երկու նամակ (№№ 127 և 158)։ Նամակներից մի քանի հատվածներ, որոնք մեզ են հասել մեջբերումների տեսքով (հեղինակի ստացած նամակներում և Մկրտիչ Պոտուրյանի հուշերում) չեն ամփոփված բնագրերի բաժնում, այլ արտացոլված են չպահպանված կամ մեզ չհասած նամակների բովանդակության մեջ։

բ. Բնագրերը պատրաստելիս միօրինակության են բերված միևնույն բառի տարբեր գրությունները (օրինակ՝ ֆառթ—քարթ-քարտ, «Իլիական»— Իլիական, Ազգային-ազգային, Կան-կանտ), ինչպես նաև՝ կետադրությունը։ Ֆրանսերենից թարգմանված նյութերում, սակայն, հատուկ անունները տրված են արդի ուղղագրությամբ, այդ իսկ պաաճառով առանձին դեպքերում նկատելի են զուգահեռ ձևեր. այսպես, հայերեն բնագրերում հանդիպող Կանտ և մի քանի ուրիշ անուններ թարգմանություններում ունեն ժամանակակից ձևեր՝ Գենտ:

գ. Բնագրային ծանոթագրությունները և հղումները տպագրվում են այնպես, ինչպես գրել է հեղինակը, իսկ օտարագիր բառերի թարգմանությունը ցույց է տրվում տողատակին։

դ. Աքսորավայրից հղած Վարուժանի օսմաներեն հեռագրերի բնագրերը հրատարակվում են հայերեն տառադարձությամբ։