Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/482

Այս էջը սրբագրված է

2. Ուր տարիներ երազեցի — Վարուժանը Վենետիկում ուսանել է երեք տարի (1902—1905)։

3. Որոշեցի... իր համայնապատկերը վրձնել ընդարձակ քերթվածի մը, գուցե վեպի մը մեջ—տակավին 1904-ի հոկտեմբերի 22-ին Վարուժանը Վենետիկում հեղինակել է «Վենետիկ» քերթվածը (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, № 7, էջ 62ա — 64ա), որն առաջին անգամ տպագրել է 1909-ի նոյեմբերին «Անահիտում», ապա զետեղել «Հեթանոս երգերում»։ Վենետիկի մասին վեպ գրելու ցանկությունը չի իրագործել, սակայն փորձել է այդ քաղաքի մասին տպավորություններն ու մտորումները ներկայացնել առանձին մի ուզեգրության մեջ (տե՛ս Պատառիկներ բաժնում)։

4. Այդ կղզին ամենեն առաջ տիրապետված է փյունիկեցիներեն — մ. թ. ա. 8—7 դարերում Կորֆուն, պատմագիտական տվյալներով, եղել է Պորնթոսի քաղաք—պետության գաղութը։

5. Նույն այս կղզիին մեջ էր, որ Ոդիսևս իր արկածալից ճամբորդության մամանակ Ալսինիոս թագավորեն ընդունելություն գտավ—Ոդիսևսը Իթակե (Հունաստանի արևմտյան ափերի մոտ) կղզու առասպելական թագավորն էր, Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» դյուցազներգությունների հերոսը։ Տրոյական պատերազմից հետո հայրենիք վերադառնալիս, նա հանդիպում է մի շարք արկածների։ Վերջին անգամ հայտնվում է Սքերիա կղզում, որը պատկանում էր ֆեակներին (աստվածներից անմիջականորեն սերած մարդիկ)։ Վերջիններիս Ալկինիոս (Ալսինիոս) թագավորը՝ իմաստուն, հյուրընկալ ու մեծահոգի մի տիրակալ, օգնում է Ոդիսևսին հասնելու Իթակե։ Հավանաբար Վարուժանի ժամանակներում ընդունված էր Կորֆու կղզին նույնացնել Սքերիայի հետ։ Ներկայումս ենթադրվում է, որ Սքերիան հեքիաթային կղզի է, ժողովրդի երևակայության արգասիք։

6. Ուր իր կինը հավասարմության անվերծանելի կտավը կը հյուսեր — Ոդիսևսի կինը՝ Պենելոպեն, ամուսնու քսանամյա բացակայութեան ժամանակ զանազան պատրվակներով մերժում էր իր ձեռքը խնդրողներին և պայման էր կապել նոր ամուսին ընտրել այն բանից հետո, երբ կավարտեր սկեսրայրի դագաղի համար ծածկոց հյուսելը։ Սակայն գիշերները քանդում էր ցերեկներով հյուսածը՝ այս կերպ շարունակ ձգձգելով ամուսնությունը։ Պենելոպեն ազնիվ ու հավատարիմ կնոջ կերպար է։

7. Աստղիկներ ծնելու—հայկական դիցարանում Աստղիկը սիրո և գեղեցկության աստվածուհին է։

8. Սալամինայի պատերազմին — խոսքը մ. թ. ա. 480-ին տեղի ունեցած Սալամինի ծովամարտի մասին է, երբ հունական նավատորմիղը ջախջախեց պարսից մեծաքանակ նավատորմիղը։

9. Եունան — Հունաստանի անվանումներից։

10. Ժամը իրիկվան հինգն էր (ըստ եվրոպացվոց) — եվրոպական և թուրքական ժամանակների տարբերությունը վեց ժամ է (թուրքականով՝ ցերեկվա ժամը 11-ը)։