Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/509

Այս էջը սրբագրված է

Նշենք նաև, որ ըստ «Իրիսի» հաղորդման (հունիսի 15, թիվ 5, Էջ 14) Ճիզվիտների վարժարանի առիթով ծայր առած վեճերը արձագանք են գտել Եվդոկիայի հայ հասարակության բոլոր խավերի մեջ։ Կազմվել է մասնախումբ, որ նպատակ էր դրել շարունակել պայքարը և հայ ծնողներին պարզաբանել այն վտանգը, որին ենթարկում են իրենց զավակներին ճիզվիտների դպրոց ուղարկելով։

1. Ուր լեշ կա՝ հոն կը հավաքվին ագռավները — իր հոդվածը գրելիս Վարուժանը առանձին փաստեր քաղել է Լեոյի «Հայկական տպագրություն. հայերը նոր պատմության մեջ. պատմական — գրական տեսություն» աշխատության առաջին հատորի (երկրորդ հրատարակություն, Թիֆլիս, 1904) 12-րդ գլխից։ Հիշյալ գլուխը Լեոն սկսել է «Ուր լեշ կա, այնտեղ հավաքվում են արծիվները» առածով։ Վարուժանը, օգտվելով Լեոյից, իր հոդվածի բնաբան է դարձել այդ առածի մեկ այլ տարբերակ։

2. Նույն խոսքն է, զոր կը կրկնե պրն. Մարկոսյան — նկատի ունի Ա. Մարկոսյանի «Հայ մատաղ սերունդ մը կը փճանա ժիզվիթներու վարժարանին մեջ» հոդվածը, որտեղ հեղինակը պնդում էր, թե ճիզվիտների դպրոցը «կը չորցնե տղուն երակներեն ցեղին արյունը, այսահար խորշակի մը պես կը զարնե, կսպաննե անոր մեջ հայ զգացումը» («Իրիս», 1912, թիվ 2, էջ 8)։

3. Բեռ Ռիոնտել... նամակով մը կուգա բողոքել — «Իրիսի» տնօրինության» նամակում («Իրիս», 1912, թիվ 3, էջ 8—9) մեծափորը հայտարարում էր, թե իրենց վարժարանում չի բռնաբարվում խղճի ազատությունը, չի փչացվում մատաղ սերունդը և վկայակոչում էր ճիզվիտների բարեգործությունները հավաստող փաստեր։

4. Ընդունինք, թե Բրուսիո Ֆոետերիք Բ զիրենք ունենալ ուզեց — խոսքը Պրուսիայի Ֆրիդրիխ II թագավորի մասին է, որը վարել Է կրոնական հանդուրժողականության քաղաքականություն։ Նա սկզբնապես ազատ գործունեության հնարավորություն Է ընձեռել ճիզվիտներին, նույնիսկ արտոնել Է դասավանդել արքայական ինստիտուտում։ Սակայն շուտով հիասթափվելով, 1776-ի հրամանով, պահանջել է, որ պրուսական ճիզվիտները հրաժարվեն իրենց միաբանությունից, իսկ 1781-ին արձակել է ինստիտուտը և բոլոր ճիզվիտներին արտաքսել երկրից։

5. Ռուսիո Կատարինե Բ կայսրուհին... զիրենք ունենալ ուզեց — Եկատերինա Երկրորդը հակամարտության մեջ գտնվելով Հռոմի պապի հետ, չհամաձայնելով ճիզվիտների հանդեպ վերջինիս վարած քաղաքականությանը (տե՜ս № 6 ծանոթագրությունը), թույլատրեց ճիզվիտների գործունեությունը Բելոռուսիայում և ընդլայներ նրանց իրավունքները։

6. Հռովմի քահանայապետը — նկատի ունի Հռոմի Կլեմենտ (Կղեմես) ԺԴ պապին, որը 1773-ի օգոստոսի 14-ի հրովարտակով պահանջել էր ոչնչացնել ճիզվիտների կուսակրոն միաբանությունը։